Հայտնի հակադեպրեսանտը կարող է կորոնավիրուսի դեմ արդյունավետ լինել
Ֆլուոքսետին հակադեպրեսանտը կարող է արդյունավետ դեղամիջոց լինել SARS-CoV-2 վիրուսի առաջացրած ծանր սուր շնչառական համախտանիշի ռիսկի խմբի շրջանում վաղ բուժման համար: Այս մասին հայտնում են Վյուրցբուրգի Յուլիուսի եւ Մաքսիմիլիանի անվան համալսարանի գիտնականները:
Այս դեղամիջոցը դասվում է սերոտոնինի հակադարձ ընդգրկման սելեկտիվ ինհիբիտորներին եւ կլինիկական պրակտիկայի մեջ կիրառվում է 70-ական թվականներից, հայտնում է News-medical.net-ը: Այն արդեն բավականին լավ ուսումնասիրված է, ապացուցված է նաեւ դրա անվտանգությունը: Դրանից բացի, շատ մատչելի գին ունի:
Ինչպես ցույց են տվել փորձերը, ֆլուոքսետինը զգալիորեն արգելակում է SARS-CoV-2-ի ռեպլիկացիան (բազմացումը) եւ նվազեցնում վիրուսային սպիտակուցի էքսպրեսիան:
Գիտնականները փորձի շրջանակում ֆլուոքսետինն օգտագործել են միլիլիտրին 0,8 միկրոգրամ դեղաչափով: Պարզվել է, որ այդ դեղաչափը բավարար էր վիրուսային ակտիվությունը կանգնեցնելու համար: Գիտնականները դեռեւս ճշգրիտ չգիտեն, թե որն է դեղամիջոցի ազդեցության մեխանիզմը: Հատկանշական է, որ սերոտոնինի հակադարձ ընդգրկման այլ սելեկտիվ ինհիբիտորները հակավիրուսային ակտիվություն չեն ցուցադրել:
Հայտնի է, որ ֆլուոքսետինը պարունակում է 2 յուրահատուկ իզոմերներ, որոնք ոչ մի կերպ կապված չեն սերոտոնինի հետ: Երբ հետազոտողները վերլուծել են, թե հատկապես որ իզոմերն է արգելակում SARS-CoV-2-ի բազմացումը, երկուսն էլ նույնպիսի էֆեկտ են ունեցել: Սա ավելի է ամրապնդում այն միտքը, որ հակավիրուսային էֆեկտը կապված չէ սերոտոնինի հակադարձ ընդգրկման ռեցեպտորի հետ:
Կարծիքներ