Ինչո՞ւ Ալիևը չէր մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու. ո՞ւմ էր նա փորձում հաճոյանալ. ՀԺ
Երեկ՝ մայիսի 9-ին, Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք էին մեկնել ԱՊՀ երկրների առաջնորդները:
Սա տեղի է ունենում ավանդաբար ամեն տարի. տասնամյակներ ի վեր Մոսկվայի Կարմիր հրապարակում է տեղի ունենում Մայիսի 9-ի գլխավոր շքերթը, այնտեղ էլ հավաքվում են հետխորհրդային հանրապետությունների ղեկավարները: Ինչպես հայտնի է, ՌԴ երկարամյա ղեկավարի համար այս տոնն առանձնահատուկ է, այն տարվա գլխավոր իրադարձություններից մեկն է համարվում, շքերթին պատրաստվում են խիստ բծախնդրորեն, իսկ Պուտինի ելույթը փորձում ամեն տարի ավելի ազդու կազմել:Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը:
Այս տարի ևս կրեմլյան գլխավոր տոնակատարություններին ՌԴ նախագահի անունից մասնակցելու հրավեր էր ուղարկվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներին։ Այսպես է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հրավիրվել են բոլոր առաջնորդները:
Երեկ, սակայն, Մոսկվա ժամանածների թվում էին ԱՊՀ ոչ բոլոր երկրների ղեկավարները. մեկնել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Սերդար Բերդիմուհամեդովն ու Շավքաթ Միրզիյոևը:
Ադրբեջանի և Մոլդովայի ղեկավարները չէին ժամանել Մոսկվա։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը, հայտնել էին, որ Իլհամ Ալիևը չի կարող մեկնել խիստ զբաղվածության պատճառով:
«Մայիսի 9-ին և 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է մասնակցել հանրապետության համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։ Նախագահը մայիսի 2-10-ը գտնվում է Ղարաբաղում՝ մասնակցելու Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին»,- նշել են վարչակազմից:
Ուշագրավ է, որ նախորդ տարիներին Ալիևը ոչ մի գնով բաց չի թողել Մոսկվա մեկնելու և Պուտինի կողքին նստելու հրավերը, այս տարի, սակայն, որոշել է չմասնակցել:
Դժվար չէ հասկանալ, որ ցանկության դեպքում Ադրբեջանի ղեկավարը կկարողանար տեղափոխել կամ այլ կերպ կարգավորել ժամանակացույցը, սակայն ուղղակի հարմար չի գտել մասնակցել մայիսյան տոնակատարությանը՝ Ուկրաինայի ղեկավարին հաճոյանալու և եվրոպական կողմի ու Արևմուտքի գոհունակությանն արժանանալու համար: Չմոռանանք, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի «հաղթանակն» առաջիններից մեկը շնորհավորել էին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ու երկրի ԱԳՆ-ն, հրապարակել Ուկրաինայի ու Ադրբեջանի դրոշները, «ձեռքդ դիր գլխիս» ժողովրդական խոսքի տրամաբանությամբ ինքն իրեն «տարոսը» մաղթել, իսկ որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ պատերազմի օրերին ֆոսֆորային զինամթերք մատակարարել Ադրբեջանին:
Ի դեպ, Ադրբեջանում տոնական միջոցառումներ էլ չեն եղել: Վաղ առավոտյան այր ու կին Ալիևները իրենց թվիթերյան էջերում միայն 1 նախադասությունից կազմված շնորհավորանք են հրապարակել՝ նշելով, որ «շնորհավորում են Հայրենական մեծ պատերազմի ադրբեջանցի վետերաններին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի առթիվ, մաղթում են առողջություն»:
Մոսկվա չմեկնելով և միջոցառումներին չմասնակցելով՝ Ալիևը մասամբ կատարեց Արևմուտքին և Ուկրաինային հաճոյանալու իր քաղաքականությունը, քանի որ դուրս մնաց նաև Ուկրաինայի ԱԳՆ-ի հրապարակած «պարսավանքի տեքստ»-ից:
Բանն այն է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անբարյացակամ քայլ էր անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայացած տոնակատարություններին։
«Այս օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը մենք համարում ենք անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, ուկրաինացի ժողովրդի հանդեպ արհամարհանքի դրսևորում»,- ասված էր ԱԳՆ հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ նախորդ տարիների Մայիսի 9-ի միջոցառումներից, արխիվային
Կարծիքներ