Անկարայի 1453 բնակիչ ուղարկվել է Ստամբուլ` մասնակցելու Սուրբ Սոֆիայի տաճարում այսօր կայանալիք առաջին նամազին (լուսանկար)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի 1453 բնակիչ ավտոբուսներով ուղարկվել է Ստամբուլ` մասնակցելու հուլիսի 24-ին Սուրբ Սոֆիայի տաճարում կարգավիճակի փոփոխությունից հետո կայանալիք առաջին նամազին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ Անկարայի բնակիչներին Սուրբ Սոֆիայի տաճար ուղարկելու նախաձեռնությունն Անկարայի նահանգի Մամաք շրջանի ղեկավար Մուրաթ Քյոսեինն է: Ուղարկվողների թիվը պատահական չի ընտրվել. հենց 1453 թվականին Օսմանյան կայսրության զորքերը՝ սուլթան Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ, գրավեցին բյուզանդական մայրաքաղաք Կոնստանդուպոլիսը` այժմյան Ստամբուլը, և Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարն առաջին անգամ վերածեցին մզկիթի:
Մեկնողներն ընտրվել են Քյոսեի թվիթերյան էջում հայտարարված վիճակախաղի շնորհիվ:
Քյոսեն տեղեկացրել է, որ ուղևորների մեկնումը կազմակերպվել է`պահպանելով անվտանգության բոլոր կանոնները. մարդկանց տեղափոխում են 50 մարդու համար նախատեսված ավտոբուսներով, որոնցից յուրաքանչյուրում գտնվում է 25 մարդ` պահպանելու համար սոցիալական հեռավորությունը: Քյոսեն նույնպես ուղևորների համար նախատեսված ավտոբուսներից մեկով մեկնել է Ստամբուլ:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ հուլիսի 24-ի առավոտյան Ստամբուլի որոշ բնակիչներ գնացել են Սուրբ Սոֆիայի տաճար` առավոտյան նամազի, սակայն նրանց տաճարի տարածք չեն թողել: Մոտակայքում նրանց համար հատուկ գոտիներ են ստեղծվել, որտեղ էլ նամազի համար փոքր գորգերով եկած բնակիչներն աղոթել են, նրանց մի մասն էլ, տեսնելով, որ չի կարող մուտք գործել տաճար, աղոթելու համար գնացել է այլ մզկիթ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:
1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Կարծիքներ