Բաքուն և ծովը
Աշխարհի որևէ երկրի հետախուզություն կամ մասնագիտացված որևէ վերլուծական կենտրոն հստակ չի կարող ներկայացնել, թե վերջին 30 տարիների ընթացքում ռազմական նպատակներով որքան ծախսեր են իրականացվել Ադրբեջանում, և ոչ միայն այն պատճառով, որ բյուջետային ծախսերից զատ, շրջանառվել են անտեսանելի մեծածավալ ներդրումներ, այդ թվում՝ նաև անօրինական ծագման ահռելի ֆինանսական միջոցներ:
Սակայն բոլոր այդ երկրների համապատասխան ծառայություններն ու մասնագիտացված կառույցները միանշանակ կարող են վկայել, որ այդ ծախսերն իրականացվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ ունեցած սահմաններին կամ երկու հայկական պետությունների դեմ:
Որդեգրած անհաշվենկատ քաղաքականության հետևանքում անտեսվել են Ադրբեջանի մնացած շրջանները:
Խորհրդային առաջին ղեկավարների բարեհաճությամբ ստեղծված Ադրբեջանը երբեք ունիտար պետություն չի եղել՝ ժողովրդագրական առումով:
Այսօր էլ Ադրբեջանում բնակչության ստվար մասն են կազմում թալիշները, ռուսները, ավարները, թաթարները, թաթերը, ուկրաինացիները, ցախուրները, հրեաները և այլն:
Ադրբեջանում բնակվող թվարկված այս և էլի ժողովուրդներ՝ իրենց պատմական անցյալով, քաղաքակրթական ներդրմամբ անհամեմատելի են ադրբեջանցիների հետ, և բնական է, որ թե վերջին 100 տարում, և թե այսուհետ այդ ժողովուրդներից առնվազն թալիշները կարճաժամկետ ապագայում ինքնավարություն ստանալու նպատակ ունեն՝ երբևէ պետականություն ունենալու երազանքով:
Այս և էլի որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ այլևս գործում է մի կարևորագույն չափորոշիչ, որով հնարավոր է կանխորոշել, թե ով կլինի Ադրբեջանի ապագա ղեկավարը և ովքեր՝ նրա թիմակիցները.
այն երիտասարդ ադրբեջանցին, ով առաջինը կբարձրաձայնի Ապշերոնյան թերակղզու ռազմական ամրապնդման և տնտեսական ենթակառուցվածքների հետագա զարգացման անհրաժեշտության վերաբերյալ, կարող է քաղաքական հեռանկար ունենալ ապագայի Ադրբեջանում:
Կանցնի ժամանակ, և հենց Ապշերոնյան թերակղզին օրրան կդառնա՝ իրենց էթնիկ ադրբեջանցիներ համարողների համար:
Ընդ որում, այդ ձեռնարկումներում ուշացումն ու ձգձգումները վտանգավոր են՝ հաշվի առնելով, որ շատ պետություններում՝ հատկապես եվրոպական, սկսվել է առայժմ անտեսանելի մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է անվանել «էթնիկ ադրբեջանցիների վերադարձ հայրենիք»:
Հ. Գ. Ի վերջո, Ապշերոնյան թերակղզին պատկառելի տարածք է՝ երկարությունը մինչև 60 կմ, լայնությունը՝ մինչև 30 կմ: Հարավային ափում՝ Բաքուն, և իհարկե ծովը:
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ