Սաքուլիկի ֆենոմենը և ժողովրդավարության փորձությունը Վաղարշապատ և Խոյ խոշորացված համայնքում

Սաքուլիկի ֆենոմենը և ժողովրդավարության փորձությունը Վաղարշապատ և Խոյ խոշորացված համայնքում

Medianews-ը գրում է.

Վաղարշապատ և Խոյ խոշորացված համայնքում վաղուց չէր արձանագրվել ժողովրդավարության դեմ պայքարի ելած հակահայաստան ուժերի նախընտրական այսպիսի մրցավազք։ Համայնքում հայտնվել է քրեական բարքերի նողկալի ուրվականը և սպառնում է վերադառնալ ավագանու կազմ իր ճանապարհին խժռելով և ոչնչացնելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացու ազատ քվեարկությամբ կամարտահայտության ցանկացած դրսևորում։

Համայնքը վաղուց չէր տեսել այսքան հակապետական և քրեական տարրերի համախմբում։ Թվում էր՝ տեղական ընտրությունները պիտի լինեին խաղաղ ու մրցակցային՝ ծրագրերի, գաղափարների, արժեքների մրցակցային պայքար։ Բայց վերջին շաբաթներին պարզ դարձավ, որ համայնքում ընտրական պայքարը վերածվել է ժողովրդավարության դեմ ուղղված գործողության՝ խավար ու բռնություն տարածող ուժերի անսպասելի միավորմամբ։

Այս անգամ, որպես քաղաքական ապականված նախկին համակարգի հակաժողովրդավարական բարքերի հիբրիդային մի դուրսպրծուկ ընտրություններին մասնակցում է Սևակ Խաչատրյան մականունով հայտնի Սաքուլիկը՝ հանրապետականի կարկառուն մի երիտասարդ ակտիվիստ և փողոցային խուլիգան։ Նրա շուրջ են համախմբվել և նախընտրական քարոզչական արշավ են իրականացնում ոչ թե գաղափարական թիմեր, այլ հանցավոր աշխարհի հին ու նորացված հայտնի դեմքեր․ Մրգաստանցի Արշակը, այգեշատցի Ռոմանը՝ նույն ինքը Մանվելի, Սերյանի, Պիպոյի Ռոմանը, Վիլվետ Արամիկը՝ որ ժամանակին «աշխատում էր» որպես Դիանայի ամուսին, որի քրեական գործը քննության փուլում է, և Պիպոյի Հայկազը՝ (բառեց) հայտնի սպորտսմեն, ով այսօր հանդես է գալիս «հայրենասիրության» շղարշի տակ, սակայն ժամանակին ախրանիկի անվան տակ ծպտված մարդասպան էր աշխատում, ինքն իրեն Դոն հորջորջող Արթուր Ասատրանի հովանու ներքո։

Եթե այս, համայնքում վախ ու տհաճություն առաջ բերող մականունների կողքին ավելացնենք նաև Ռուսաստանից հայրենի քաղաք ժամանած «սպորտսմենների» խուլիգանախմբերին ապա իսկապես պիտի արձանագրել, որ Վաղարշապատ և Խոյ խոշորացված համայնքում պայքարն ընթանալու է անցյալի արատավոր բարքերի և ապագային ուղղված զարգացման նախագծերի միջև ընտրության տրամաբանությամբ։

Սաքուլիկի աջակիցների հրոսակախմբերին են պատկանում նաև գեներալ Մանվել Գրիգորյանի որդիներ Կարենն ու Արմանը, ովքեր հոր անփառունակ ստվերի ներքո փորձում են վերականգնել կորցրած իշխանությունը, սաքուլիկներին զինվորագրվելով։

Մինչ այս թվարկվածներով չի ավարտվում իհարկե այս դրամատիկ երգիծապատումը։ Սաքուլիկի քարոզարշավին բացահայտորեն մասնակցում է նաև մի «արքեպիսկոպոս», որը տարիներ շարունակ խայտառակել է իր դիրքը՝ եկեղեցին օգտագործելով քաղաքական շահերի և կեղտոտ օրակարգերի սպասարկման համար։ Նրա քարոզները, որ վերածվել են հակապետական մանիպուլյացիաների, ոչ թե հավատքի, այլ իշխանության ծարավի արտահայտություն են։ Նա այսօր ոչ թե հոգևորական է, այլ հակաժողովրդավարության մի ամբոխավար քարոզիչ, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության վախճանը, հանուն մի «հյուսիսային օրհնության»։ Ցավալի, պատահականությամբ այդ արքեպիսկոպոսին եկեղեցում զբաղեցրած իր պաշտոնից չկարողացան ազատել ոչ Կտրիճ Ներսիսյանը, ոչ էլ անցյալ շաբաթ իր նիստերն ավարտած Գերագույն հոգևոր խորհուրդը։ 18+ տեսանյութերի հերոս այդ սքեմավոր քաղաքական գործիչը շարունակում է, Սաքուլիկի և Սաքուլիկին սատարող ուժերի հետ ինտենսիվ հանդիպումներ ունենալ թե Մայր Աթոռի տարածքում գործող Ագապե սրճարանում և թե դիվանատան իր աշխատասենյակում։

Այս անառողջ նախընտրական պրոցեսների մեջ ուշագրավ հանգամանք է նաև այն, որ Սաքուլիկին աջակցող այս մարդիկ տարիներ շարունակ միմյանց հետ արյունալի հաշիվներ են մաքրել, կրակելով, առևանգելով, հայհոյելով ու պախարակելով միմյանց, այժմ մի կողմ են դրել իրենց նախկին ու ներկա թշնամական հաշիվները՝ ի սպաս մեկ նպատակի․ կասեցնել, խեղել, վիժեցնել ազատ ընտրությունները, խեղդել ժողովրդավարությունը, վերակենդանացնել հին վարչակարգի օրոք տիրող թունավոր մթնոլորտը։

 

Բայց Վաղարշապատ և Խոյ խոշորացված համայնքը դեռ շատ լավ է հիշում, թե ինչի միջով է անցել։ Քաղաքը հազիվ էր սկսել բուժել իր վերքերը՝ այն տարիներից, երբ օրերը չափվում էին ոչ թե արևածագով, այլ կրակոցների հնչյունով։ Երբ օրը ցերեկով սպանվում էին երիտասարդներ, երբ հղփացած գեներալը ծեծեց մի հոգևորականի միայն այն պատճառով, որ այդ թշվառականը հանդգնել էր իր հնամաշ մեքենայով հայտնվել գեներալի թանկարժեք ավտոշարասյան ճանապարհին։ Երբ քաղաքի կենտրոնական հրապարակում երիտասարդ կանայք ու աղջիկներ դառնում էին խուլիգանական ոտնձգությունների զոհ, իսկ օրվա իշխանությունները լուռ էին, որովհետև բռնություն իրականացնողներն իրենց մերձավորներն էին։

Այդ տարիներին համայնքը վերածվել էր վախի գոտու, որտեղ օրենքն ու բարոյականությունը խեղդվում էին փողի ու բռնության, հղփացածության և արյան ծարավի մեջ։ Եվ հիմա, երբ տարիներ անց Վաղարշապատ և Խոյ խոշորացված համայնքը նոր նոր սկսել է շնչել ազատության օդը, երբ քաղաքացին սկսել է հավատալ, որ իր քվեն արժեք ունի, նույն հին ուժերը վերադարձել են՝ նոր փաթեթավորմամբ, բայց նույն մեթոդներով։

Խոշորացված համայնքում այսօր ժողովուրդը կանգնած է ընտրության առաջ՝
ազատություն թե՞ ենթարկվածություն, ժողովրդավարություն թե՞ խավար, քաղաքացիական արժանապատվություն թե՞ քրեական բարքեր։

Ժողովրդավարությունն այո կախված է քո ընտրություններից․ քո քվեից, քո ճշմարտությունից, քո մերժումից՝ այն ուժերին, որոնք փորձում են ժողովրդին դարձնել խաբված և օգտագործված զանգված։

Այն պահին, երբ հանցավոր աշխարհը և կեղծ հայրենասիրության քարոզիչները դառնում են քաղաքական դերակատարներ, մենք բոլորս պարտավոր ենք հիշել՝ քաղաքացիական անտարբերությունը նույնքան վտանգավոր է, որքան հանցագործությունը։

Նոյեմբերի 16ին խոշորացված համայնքի ընտրությունները դարձել են ժողովրդավարության թեստ։ Եվ այդ թեստը ոչ միայն Վաղարշապատ և Խոյ խոշորացված համայնքն է հանձնում։ Այն հանձնում ենք բոլորս՝ որպես երկիր, որպես ժողովուրդ։

Կհաջողե՞ն արդյոք խավար ուժերը։ Թե՞ ժողովուրդը այս անգամ էլ կպաշտպանի իր ընտրության իրավունքը՝ առանց վախի, առանց կաշառքի, առանց ստի։

Ժողովրդավարությունը երբեք նվեր չի տրվում։ Այն ամեն անգամ պետք է պաշտպանել՝ խավարի դեմ կանգնելով ուղիղ, առանց վարանելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում