Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից

Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ներողություն է խնդրել հունիսի 6-ին Ֆրանսիայում անցկացվող միջոցառումներից շուտ հեռանալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Բրիտանիայի վարչապետը շուտ էր հեռացել միջոցառումներից, ինչի պատճառով լուրջ քննադատության էր ենթարկվել։ Լեյբորիստական կուսակցությունը դա անվանել է «պարտականությունների թերացում»։

Սունակը ներողություն է խնդրել՝ խոստովանելով, որ դա իր կողմից եղել է «սխալ»։

«Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակը կարևոր պահ էր՝ հարգանքի տուրք մատուցելու այն խիզախ տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են վտանգել՝ պաշտպանելու մեր արժեքները, մեր ազատությունը և մեր ժողովրդավարությունը.... Վերջին բանը, որ ուզում եմ, այն է, որ այս միջոցառումները չստվերվեն քաղաքականությամբ․․․․ Նորմանդիայում Բրիտանական միջոցառման ավարտից հետո ես վերադարձել եմ Միացյալ Թագավորություն։ Հետհայացք նետելով՝ իմ կողմից սխալ էր Ֆրանսիայում ավելի երկար չմնալը, և ես ներողություն եմ խնդրում», - գրել է նա X սոցիալական հարթակում։

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Ռիշի Սունակը Ֆրանսիայից վերադարձել է՝ մասնակցելու հարցազրույցի ITV հեռուստաընկերության հետ։ Sky News-ի հարցին, թե ինչու է նա նախընտրել մեկնել հարցազրույցին, քան մնալ մարդկանց հետ, ովքեր «ամեն ինչ թողել են»՝ հանուն Բրիտանիայի, Սունակը պատասխանել է, որ ամեն ինչ պլանավորված էր շաբաթներ առաջ։ Նա նշել է, որ մասնակցել է բրիտանացի վետերաններին տուրք մատուցելու արարողություններին, որից հետո որոշել է հեռանալ, նախքան միջազգային առաջնորդների հետ կայանալիք հաջորդ միջոցառումը կսկսվեր։

Հունիսի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջոցառումներին մասնակցելու համար հյուրընկալել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին և վարչապետ Ռիշի Սունակին, արքայազն Ուիլյամին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ինչպես նաև ավելի քան 200 վետերանների ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից և Ֆրանսիայից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում