Հունիսի 9-ին ինչ ուզում է թող ասեն, դրանից որևէ բան չի փոխվելու. նրանք այս ամենը շարունակում են, որովհետև փողը չի վերջացել. Դավիթ Ստեփանյան
Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաներ իրականացնել:Բացի Երևանի տարածքից, շարժման մասնակիցներն այցելում են նաև մարզեր՝ Շիրակ, Գեղարքունիք, ապագայում նաև Լոռի և Սյունիք: Չնայած անցկացվող ակցիաներին՝ շարժման ղեկավարները դեռևս ճանապարհային քարտեզ չեն ներկայացրել:
«Ընդհանուր առմամբ, այս շարժումն ապագա չունի, թե ինչու չունի՝ բոլորին պարզ է, որովհետև նրանց հետևում կանգնած են նախկինները, որովհետև եկեղեցին այդ իմիջը չունի հասարակությունում, որ մարդիկ գնան և երրորդը՝ ամենակարևորը, այդ շարժումը չունի գաղափարախոսություն և հստակ նպատակներ, ազգային նպատակներ չկան, չկա օրակարգ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով՝ շարժման մասնակիցները որտեղ էլ անհնազանդության ակցիաներ իրականացնեն՝ ոչինչ չի փոխվելու. «Ուզում են մարզեր գնան, ուր ուզում են գնան, դրանից բան չի փոխվելու, և եթե նրանք Երևանում չունեն աջակիցներ, մարզերում էլ չեն ունենա: Ես կուզեի մի այլ հարցի վրա կենտրոնանալ, այսօր մեր երկրում կա շատ ավելի կարևոր մարտահրավեր, երեկվա Ալիևի ելույթը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ամեն ինչ անել, որպեսզի տապալի սահմանազատման գործընթացը և մեր առջև, ինչը սպասելի էր, դնում է նոր նախապայման՝ Մինսկի խմբի լուծարում և Սահմանադրության հարց: Սա շատ լուրջ մարտահրավեր է, վերադառնալով Բագրատի առաջնորդած շարժմանը, կարող եմ ասել, որ այս շարժումով իրենք ջուր են լցնում թշնամու ջրաղացին, որովհետև Ալիևն իր ելույթում ասել է՝ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր և այդ շարժումը՝ կամա թե ակամա Ալիևին տալիս է լծակ, որն օգտագործում է Հայաստանի դեմ:
Մենք այսօր Ադրբեջանի հետ լուրջ խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք, որից կախված է լինելու մեր վաղվա ապագան, լինելո՞ւ ենք մենք անկախ պետություն, թե՝ ոչ, ունենալո՞ւ ենք այս սահմանները, թե՝ ոչ: Հիմա Բագրատի շարժումը միայն և միայն ներսից հարված է հասցնում մեր բանակցային դիրքերին, մենք պետք է մեր ամբողջ քաղաքական ներուժն օգտագործենք այս ուղղությամբ: Հիմա իրենք շարունակում են այս քաղաքական կլոունադայով զբաղվել, որը ոչ մի հեռանկար Հայաստանի ներսում չունի և միայն ու միայն վնասում է բանակցային գործընթացին»:
Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ հունիսի 9-ին մեծ հանրահավաք է լինելու, որի ժամանակ հանդես է գալու կարևոր՝ իրավիճակը փոխող հայտարարությամբ: Խոսելով սպասվող հանրահավաքի մասին՝ քաղաքագետն ասաց. «Ես Բագրատ Գալստանյանի մտքի թռիչքի հետևից չեմ հասցնում, որովհետև ինքն ամեն օր մի նոր բան է ասում և շատ դեպքերում իր այսօրվա ասածը երեկվա ասածների հակառակն է լինում, տրամաբանական շղթա ընդհանրապես չկա իր ելույթների մեջ: Այս շարժումը որևէ համակարգային լուծում չի կարող առաջարկել, որովհետև այն չունի գաղափարախոսություն, չունի քաղաքական օրակարգ և չունի այլընտրանք: Իրենք ասում են՝ սա պետք է չլինի և վերջ, շատ լավ, այլընտրանք թող առաջարկեն, իսկ դա նրանք չեն կարող առաջարկել, չկա այդ այլընտրանքը, իսկ, եթե նրանք դա չեն կարող առաջարկել, հունիսի 9-ին ինչ ուզում է թող ասեն, դրանից որևէ բան չի փոխվելու:
Ամեն դեպքում այս շարժումից լուրջ բան չի կարելի սպասել: Այո, իրենք փորձում են այնպես անել, որ մարդկանց գրավեն, բայց մենք տեսնում ենք, որ մարդկանց չեն կարողանում գրավել, եթե նրանք կարողանային մարդկանց գրավել, փողով մարդ չէին բերի բողոքի ակցիաներին, իսկ այն, որ նրանք փողով մարդ են բերում՝ արդեն փաստ է: Այս ամենը շատ ամոթալի է, ես իրենց տեղը լինեի շարժումը վաղուց արդեն կփակեի, որովհետև իրենք իրենց խայտառակ են անում, խոսքը ղեկավարության մասին է, և իրենց իմիջը, որն արդեն վաղուց շատ ցածր է, ավելի են ցածրացնում»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մարդիկ կգնան այդ հանրահավաքին՝ Ստեփանյանն ասաց. «Առաջին օրվա պիկը չի լինելու այլևս, ես դրանում վստահ եմ, ինչ-որ բաներ կառաջարկեն, ինչ-որ բան պիտի ասեն, բայց ինչ որ պետք է ասեն, համակարգային չի լինելու, իրենք գործողությունների ծրագիր չեն կարող ներկայացնել, իրենք չունեն այդ պոտենցիալը, չունեն այդ հնարավորությունը»:
Խոսելով նաև այն մասին, թե արդյոք շարժման ներսում եղել են խոսակցություններ, թե հնարավոր իշխանափոխության պարագայում, ովքեր են կառավարության կազմում լինելու՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Այդ խոսակցությունները սկսվել են այն ժամանակ, երբ մայիսի 9-ին նրանք այդ պիկը հավաքել էին: Հիմա իրենք էլ են հասկանում, որ ոչ մի շանս չունեն: Ես կուզեի ուշադրություն դարձնել նրան, որ Գալստանյանի պատասխանն այդ հարցին շատ անտրամաբանական է եղել, չի կարելի այդպիսի հարցերի շուրջ կես կատակ խոսել, ինչ է նշանակում ժողովրդին կասենք, երբ ժամանակը գա, բա հիմա ասեք, որ ժողովուրդը հասկանա՝ ձեր հետևից գա, թե՝ ոչ: Այսինքն՝ ասում են, եկեք իշխանափոխությունն արեք, մենք հետո կասենք, թե ովքեր են երկիրը ղեկավարելու, դա անլուրջ մոտեցում է և այդ թվում նաև հենց այդ անլուրջ մոտեցումն է բերում նրան, որ նրանք ստիպված են գումարով մարդկանց բերել ակցիաների: Նա ծիծաղում է մեզ վրա և երբ նա ծիծաղում է, մենք էլ հասկանում ենք՝ ինչ է իրականում կատարվում, դրա համար էլ մարդիկ չեն միանում այդ շարժմանը»:
Շարժման առաջնորդը ներկայացրել է նաև անցումային կառավարության երեք գործառույթները՝ հաշտության կառավարության ձևավորում, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և արտահերթ ընտրությունների անցկացում. «Առաջինն իսպառ գոյություն չունի, իրենք հաշտություն չեն քարոզում, իրենք քարզում են ատելություն, պառակտում, քաղաքացիական պատերազմ: Երկրորդը՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում, շատ լավ կետ է, ես կուզեի մնացած կետերին ծանոթանալ՝ ինչպես են դա ուզում անել, եթե նրանք չեն ասում՝ ինչպես են ուզում անել, ուրեմն այս կետն էլ ենք հանում: Երրորդ կետը՝ արտահերթ ընտրություններ, ընտրությունների համար ՀՀ-ում այսօր չկա որևէ նախադրյալ, գոնե մեկ նախադրյալ ես չեմ տեսնում:
Կարծում եմ, որ նույնիսկ 2021 թվականի արտահերթ ընտրությունները սխալ որոշում էր, որովհետև մենք տեսանք, որ քաղաքական դաշտում, խորհրդարանում մեծ հաշվով փոփոխություններ չեղան, ընդդիմությունը շարունակում է երգել իր յոթ երգը, յոթ երգն էլ իշխանափոխության մասին, այսինքն՝ 2021 թվականի արատահերթ ընտրություններում ՔՊ-ի նպատակը եղել է Փաշինյանի լեգիտիմությունը վերահաստատել, նրանք դա արեցին, բայց ընդդիմությունը նորից իր երգը շարունակում է, ասում է՝ դուք պետք է հեռանաք, այդ դեպքում արտահերթ ընտրությունների իմաստը որն է, իրենք մեկ է ինչքան պարտվեն, նույն բանն անելու են: Թող պատրաստվեն 2026 թվականի ընտրություններին, այսինքն՝ բոլոր երեք կետերն իրականությունից կտրված են, ներքին և արտաքին իրողություններին չեն համապատասխանում»:
Բագրատ Գալստանյանը նշել է նաև, որ առաջիկա օրերին գնալու են Եռաբլուր: Դավիթ Ստեփանյանն անդրադառնալով նաև այս հայտարարությանը՝ նշեց. «Իրենք օգտագործել են և օգտագործելու են ամեն ինչ, լինի դա ազնիվ, անազնիվ, խայտառակ, անընդունելի, իրենք ամեն ինչ անելու են, Ծիծեռնակաբերդ էլ են գնալու, Եռաբլուր էլ են գնալու, ամեն տեղ էլ գնալու են, բայց դրանից իրողությունները չեն փոխվելու: Սրանք քաղտեխնոլոգիաներ են, իրենք այդ ամենը շատ լավ հասկանում են, հարց է առաջանում՝ ինչու են այս ամենը շարունակում, միակ տրամաբանական բացատրությունը հետևյալն է՝ փողը չի վերջացել: Փողը վերցրել են, պետք է ծախսեն, պետք է ժողովրդին այնքան տանեն-բերեն, որ ժողովուրդն արդեն վերջնականապես զզվի իրենցից, որպեսզի այդ ամենը վերջանա: Այն, որ այդ մարդիկ չեն հարցնում, թե ինչու են իրենց այստեղից այնտեղ տանում, արդեն խոսում է այն մասին, որ նրանք վճարված են, որովհետև ցանկացած ողջամիտ մարդ այդ հարցը կտա: Ես չգիտեմ՝ իրենք ինչ են անում, բայց գիտեմ, որ չի ստացվելու, գիտեմ, որ դրանք անիմաստ գործողություններ են»:
Կարծիքներ