Բելգիայի եվրոպական ընտրություններում առաջադրված հայ թեկնածուն հավատում է ուժեղ Եվրոպային, որն ի վիճակի է դիմակայել ներկայի անորոշություններին
Բելգիայում հուլիսի 9-ին կայանալիք շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում ներկայացված է 5 հայ թեկնածու․ մեկը՝ Բրյուսելի շրջանային, երկուսը՝ ֆեդերալ, մյուս երկուսը՝ եվրոպական ընտրությունների ցուցակներում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույցների շարքով ձեր ուշադրությանն է ներկայացնում թեկնածուներին, նրանց քարոզարշավի առաջնահերթություններն ու ընտրություններին հայ թեկնածուների առաջադրման կարևորությունը հայ համայնքի համար։
«Բաց ֆլամանդացի լիբերալներ և դեմոկրատներ» կուսակցության կողմից եվրոպական ընտրություններում առաջադրված 30-ամյա Լիանա Դավթյանը հավատում է ուժեղ Եվրոպային, որտեղ աջակողմյան ազգայնականությունը տեղ չունի։
-Կպատմե՞ք Ձեր մասին։ Ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ։
-Աշխատում եմ Բելգիայի օտարերկրացիների գործերի ծառայությունում՝ որպես անօրինական կեցություն ունեցող անձանց մարզիչ: Իմ քաղաքական կարիերան սկսվեց 11 տարի առաջ, երբ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում էի և խորությամբ հետաքրքրվեցի տեղական քաղաքականությամբ:
-Ինչո՞վ էր պայմանավորված «Բաց ֆլամանդացի լիբերալներ և դեմոկրատներ» կուսակցությունը՝ Open VLD-ն ընտրելու Ձեր որոշումը։
-Մանրակրկիտ ուսումնասիրելով՝ հասկացա, որ իմ համոզմունքներին ամենամոտն է «Բաց ֆլամանդացի լիբերալներ և դեմոկրատներ» կուսակցության՝ Open VLD-ի իդեոլոգիան, և այսպիսով որոշեցի միանալ Մեխելենի տեղական կուսակցությանը։
Սկզբում միացա պարզապես ավելին սովորելու համար, բայց շուտով նկատեցի, որ քաղաքականությունը ինձ շատ է հետաքրքրում: Դարձա կուսակցության ակտիվ կողմնակից և մեծ ներդրում ունեցա ինչպես առջևում, այնպես էլ կուլիսներում: Այնուհետև 23 տարեկանում ընտրվեցի կուսակցության Մեխելենի երիտասարդական միության նախագահ, իսկ հիմա համայնքային խորհրդի անդամ եմ։
-Ի՞նչ առաջնահերթություններ ունեք և ի՞նչ եք խոստանում ընտրողին։
-Արժեքը, որ ինձ ամենից շատ գրավեց և բերեց Open VLD, առաջին հերթին ազատության սկզբունքն էր․ լինել այն, ինչ կաս, առանց խոչընդոտների։ Կարևոր էր նաև տնտեսական ազատությունը: Բացի դրանից, ես ամբողջությամբ աջակցում էի բաց հասարակության գաղափարին, հավասար հնարավորություններին բոլորի համար և անձանց պատասխանատվությանը իրենց և հասարակության նկատմամբ:
Ես որպես թեկնածու հանդես եմ գալիս եվրոպական ցուցակում, քանի որ հավատում եմ ուժեղ Եվրոպային, որն ի վիճակի է դիմակայել ներկայի անորոշություններին։ Ես կողմնակից չեմ համապարփակ կառավարությանը, որը փորձում է վերահսկել բոլորին՝ կանոնների ավելցուկով, այլ հզոր տնտեսական ուժի կողմնակիցն եմ, որը նպաստում է ազատությանը և համագործակցում է անհրաժեշտության դեպքում: Ես տեսնում եմ աշխարհաքաղաքական միություն, որը մեզ շրջապատող հակամարտություններում գործում է միասնաբար՝ բաժանված արձագանքելու փոխարեն։ Տեսնում եմ Եվրոպա, որտեղ յուրաքանչյուր անհատ հավասար վերաբերմունք է ստանում, և որտեղ տեղ չկա աջակողմյան ազգայնականության համար:
-Հայ թեկնածուների առաջադրումը և հնարավոր հաջողություններն ի՞նչ շոշափելի ազդեցություն և արդյունք կարող են ունենալ Բելգիայի հայ համայնքի համար։
-Բելգիայում կա բազմաքանակ հայ համայնք, սակայն շատ քչերն են ներգրավված տեղական քաղաքականության մեջ։ Որպեսզի պաշտպանենք հայկական շահերը և ներկայացնենք հայկական ձայնը, մեզ քաղաքականության մեջ հայեր են անհրաժեշտ։
Ես Մեխելենի քաղաքային խորհրդի անդամ եմ և մանդատը ստանձնելուց ի վեր որոշ քայլեր եմ ձեռնարկել հայկական համայնքի համար, ինչպես օրինակ, սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի դեմ բանաձևը։ Բայց, բնականաբար, մենք պետք է ավելի լայն մտածենք։ Բելգիայի ապագան Եվրոպայում է, և այնտեղ էլ մենք պետք է մեր ձայնը լսելի դարձնենք։
Այդ պատճառով դիմում եմ ձեզ, Ֆլանդրիայում և Բրյուսելում ապրող սիրելի հայրենակիցներ, և խնդրում եմ՝ հունիսի 9-ին ընտրություններում ներկել իմ անվան առաջ դրված օղակը։
Կարծիքներ