Լարված իրավիճակ Արմավիրում. ոստիկանները 5 ժամից ավել բանակցել են կասկածյալի հետ, ապա վնասազերծել, հնչել են կրակոցներ
Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ոստիկանության ծառայողները մեկնել են Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկը, քանի որ տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Գոռ Վարդանյանը թաքնվում է նշված տանը։
Ոստիկանները, հետո նրանց միացած պարեկները, մոտ 5 ժամ բանակցություններ են վարել Գ. Վարդանյանի հետ, որպեսզի նա ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, դուրս գա տան նկուղից և իրենց հետ մեկնի ոստիկանության Արմավիրի բաժին։
5 ժամ բանակցություններ վարելու ընթացքում Գ. Վարդանյանը մի քանի կրակոց է արձակել, ի վերջո, առավոտյան 09:00-ի սահմաններում ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին։
Արդեն տեղում նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն եղանակով պատրաստված երկփողանի ինքնաձիգի փամփուշտ, կրակելու համար նախատեսված՝ հրազենի նմանվող առարկա, որի 2 փողերի մեջ փորձաքրեագետը հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ։ Իսկ զինվորական վերնազգեստի գրպանում հայտնաբերվել են 11 հատ ինքնաձիգի փամփուշտ, գաղտնի փականով դանակ, սև գույնի կպչուն ժապավեն և այլ իրեր։
Ոստիկանության Արմավիրի բաժնում Վարդանյանը հայտնել է, որ այդ ամենն իրենն են, ինքնաշեն հրազենի նմանվող առարկան և երկաթե գլանակը ինքն է պատրաստել՝ ինքնաձիգի և գազային ատրճանակի փամփուշտներ կրակելու համար։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ