Որոշվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում «Աթլետ» մրցաձևի հաղթողը

Որոշվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում «Աթլետ» մրցաձևի հաղթողը

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցաձևում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում լավագույնն է:

Երկրորդ օրը տղամարդիկ ուժերն են չափել նաև ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները, վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը, ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ: Տղամարդկանց անհատական հաշվարկով նույնպես լավագույն արդյունք ունի ՀՀ զինված ուժերի թիմի մասնակիցը՝ ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը:

Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն է: Ղազախստանի զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում