Գյումրեցի Անահիտ Իսկանդարյանի սպանության կասկածանքով ձերբակալվածը մանեկենի վրա ցուցադրել է, թե ինչպես է սպանել կնոջը
Գյումրու Բագրատունյաց օղակում գտնվող հագուստի խանութում, որտեղ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, սպանվել էր խանութի սեփականատեր Անահիտ Իսկանդարյանը, սպանության գործով ձերբակալված, Երևան քաղաքի բնակիչ 50-ամյա Գևորգ Մ.-ն քննչական խմբին ներկայացրել է, թե ինչպես է մտել ներս: Նաև մանեկենի վրա ցուցադրել է, թե որ դիրքով է 2 անգամ դանակի հարվածով սպանել 63-ամյա կնոջը: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Դեպքի հետ կապված պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է «Գյումրու շտապ բուժական օգնություն» ՓԲԸ-ից 2021թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:50-ին, որով ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժինը տեղեկացվել է, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հագուստի սրահում հայտնաբերվել է կնոջ դի:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված հագուստի սրահի հատակին հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու դիակը՝ պարանոցի առաջնային մակերեսին հորիզոնական կտրած վերքերով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առգրավումներ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 1971թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գյումրիում. քաղաքի կենտրոնում գտնվող իրեն պատկանող հագուստի խանութում սպանված էր հայտնաբերվել Անահիտ Իսկանդարյանը: Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է:
Կարծիքներ