«Էրեբունի» թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

«Էրեբունի» թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ներկայացվել են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով: Այդ մասին տեղեկացրել է ԿԳՄՍՆ-ն։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից գորգեր և կարպետներ, հնագիտական այլ առարկաներ։

Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, ավագանու անդամներ, մշակույթի գործիչներ:

Հնագետների խոսքով ներկայացված ցուցանմուշների մեծ մասը պատկանում է հայկական լեռնաշխարհի էթիունյան մշակույթին:

«Ֆենոմենն այն է, որ ուշ բրոնզ- երկաթեդարյան ժամանակաշրջանում, ի դեմս էթիունյան մշակույթի, կարող ենք փաստել, որ Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տարածքը մշակութային առումով եղել է միատարր»,- ընդգծել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 29-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում