2020թ․ սուբվենցիոն ծրագրի արդյունքում Շիրակի մարզի Ծաղկուտ համայնքը կունենա համայնքային կենտրոն
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կնորոգվի Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնը։ Կառույցը հիմնանորոգման և կահավորման կարիք ունի, այդ նպատակն իրագործելու համար նախատեսվել է 7 մլն 369 հազար դրամ, գումարի 41%-ը կտրամադրի պետությունը, մնացած մասը համայնքը։
Ծաղկուտ համայնքի վարչական ղեկավար Մկրտիչ Խեչոյանը freenews.am-ի հետ զրույցում նշեց, որ Համայնքային կենտրոնի շենքը գտնվում է անմխիթար վիճակում։ Բացի այդ համայնքը չունի նաև մշակույթի կենտրոն, որտեղ երիտասարդները կկարողանան կազմակերպել իրենց միջոցառումները։ Շենքի նորոգման արդյունքում կլուծվի վերոհիշյալ խնդիրները։
Ըստ համայնքի պատասխանատուի, բնակավայրը նաև չունի ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու տարածք, շենքի նորոգման արդյունքում այս խնդիրը ևս կլուծվի։
Կառույցը բավականին մեծ է, և հնարավոր է այն բաժանել երկու հավասար մասերի, մի հատվածում կտեղավորվեն համայնքի ղեկավար կազմը, մյուս հատվածում էլ կլինի միջոցառումների սրահը,-եզրափակեց Մկրտիչ Խեչոյանը։
Ի դեպ, նշենք, որ վերանորոգման արդյունքում կիրականացվեն ինչպես ներքին հարդարման, այնպես էլ ներքին և արտաքին ջրագծերի ու կոյուղագծերի անցկացման, հատակի բետոնապատման և սալիկապատման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Շինարար-97» ՍՊԸ-ն։
Կարծիքներ