Թուրքմենստանի ԱԳ նախարարը ժամանել է Քաբուլ
Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք՝ խորհրդակցություններ անցկացնելու երկրում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աֆղանական Bakhtar գործակալությանը ։
Քաբուլի օդանավակայանում թուրքմեն նախարարին դիմավորել են ժամանակավոր կառավարությունում թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի արտգործնախարար Ամիր Խան Մոթաքին, Աֆղանստանի տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը և թալիբների այլ բարձրաստիճան անդամներ։
Տեղեկատվության և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Բիլալ Քարիմին թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ Մոթաքին այժմ բանակցություններ է վարում Մերեդովի հետ։
Հոկտեմբերի 27-ին Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել վերականգնելու Աֆղանստանի տնտեսությունը և հայտնել Աշխաբադի պատրաստակամությունը՝ աջակցելու Քաբուլի մասնակցությամբ տարածաշրջանային նախագծերի իրականացմանը։
Կարծիքներ