«Զատիկում» տեղի ունեցած բռնության առնչությամբ ՄԻՊ-ի կողմից նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ

«Զատիկում» տեղի ունեցած բռնության առնչությամբ ՄԻՊ-ի կողմից նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանն անմիջապես նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ, իրականացվել է բազմակողմանի քննարկում։

Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` Պաշտպանը խիստ կարևորում է դրա լուծման առնչությամբ անհետաձգելի և կոնկրետ միջոցառումների իրականացումը։

Դեռևս, 2023 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Զատիկ» կենտրոն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ի թիվս այլնի, վերաբերել են հաստատությունում բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքին, բնակելի տարածությանը, այդ թվում՝ տղաների ննջասենյակներին ներկայացվող չափանիշներին, երեխաների հանդեպ և երեխաների միջև բռնության դեպքերի, ինքնավնասումների, փախուստի և վնասվածքների գրանցումների ոչ պատշաճ ապահովմանը, աշխատողների ռեսուրսի պակասին և աշխատանքների իրականացման մեթոդաբանությանը:

Արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել իրավասու մարմինների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում առկա համակարգային խնդիրներին, որոնք ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն:

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը բռնությունից պետության առաջնահերթ պարտավորությունն է։ Պետք է մանրամասն վերլուծել բռնության կատարման պատճառներն ու նպաստող գործոնները, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ հետագայում երեխայի նկատմամբ բռնության որևէ դեպք բացառելու նպատակով։

Այս համատեքստում պետությունը պարտավոր է հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության դեպքերը բացառելու, ինչպես նաև այնտեղ գտնվող երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու ուղղությամբ։

«Լրատվամիջոցների մեր գործընկերներին խնդրում ենք հեռացնել և չհրապարակել երեխաներին նույնականացնող որևէ տվյալ՝ բացառելով երեխային թիրախավորելու ռիսկերը և ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում