Հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Կարապետ Պողոսյանի գրառմանը:
Ըստ վերջինիս գրառման՝ մարզպետը իբր հրահանգել է մանկավարժներին ոչ մի դեպքում չանդրադառնալ վերջին ռազմական գործողությունների զոհերին, նրանց մասին ինֆորմացիա տարածելուն, չխոսել հայ-թուրքական հարաբերություններից կամ արտահայտվել միայն դրական, պատմության ուսուցիչներին հրահանգվել է հպանցիկ անցնել Հայոց պատմության նորագույն շրջանը, իսկ 90-ականների գոյամարտին և հաջորդող տարիներին ընդհանրապես չանդրադառնալ։
Մարզպետը հերքում է օգտատիրոջ գրառումը՝ այն համարելով հերյուրանք:
«Սույն թեման իրականության հետ որեւէ աղերս չունի, սա ոչ միայն զրպարտություն է, այլ նաեւ փորձ՝ իմ բարի համբավի արատավորման։ Արժեքային իմ տիրույթում նման ծայրահեղություն չի կարող լինել։
Ճիշտ հակառակը՝ իմ՝ մարզպետ նշանակման առաջին իսկ օրերին, գրավոր կարգադրությամբ, մարզի բոլոր դպրոցներում բացվել են պատերազմում զոհված տղաների փառքի անկյուններ, այնուհետև ծառատունկ է կազմակերպվել անվանական ծառերով։ Մնացյալի մասին լռեմ…
Ներքոգրյալ հերյուրանքի հեղինակին դատական կարգով պարտավորեցնելու եմ հրապարակային ներողություն խնդրել, քանզի բարոյական բոլոր սահմանները հատելով՝ սույն անձը շահարկում է մարդկանց վիշտը՝ էժանագին քաղաքական դիվիդենդ կուտակելու համար։
Հորդորում եմ նաեւ լրագրողներին հարցում անել մարզի բոլոր դպրոցներում՝ հարցի իսկությունը պարզելու համար»,- շեշտել է նա:
Կարծիքներ