«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի առցանց դասընթացների փորձնական ծրագիր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի առցանց դասընթացների փորձնական ծրագիր

Դեռևս 2021 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի՝ ի դեմս շտաբի, ՍՀԻԱ բաժնի, և Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն ազատազրկված անձանց շրջանում կազմակերպել և անցկացնել առցանց շախմատային դասընթացների փորձնական ծրագիր, որի նպատակն է, ի թիվս այլ զբաղմունքների,  շախմատի միջոցով ևս ապահովել անազատության մեջ գտնվող անձանց օգտակար զբաղվածությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը.

«Այդ ծրագրի մեկնարկային փուլի համար ընտրվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ սույն թվականի ապրիլի 1-ին անցկացվել է առաջին առցանց դասընթացը, որին մասնակցել է շուրջ 10 դատապարտյալ։ Դասընթացը վարել է Հայաստանի շախմատի ակադեմիայի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի մարզիչ, վարպետության թեկնածու Արարատ Հովհաննիսյանը։ 

Հատկանշական է, որ դասընթացներին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք առաջին անգամ են ցանկություն հայտնել մասնակցելու շախմատային խաղերի։

Դասընթացների ավարտին 5 լավագույն մասնակիցներից կազմված թիմը ներկայացնելու է Հայաստանը միջազգային մրցաշարում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում