Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ

Տասնհինգ միլիոն դոլար ներդրմամբ Մուսալեռում գործող «Բաղեշյան» ոսկու գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան. գյուղում իրականացվել է 15 մլն դոլարի ներդրում, և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:

Նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախարարը, ընկերության սեփականատեր՝ սփյուռքահայ գործարար Էփրեմ Բաղի ուղեկցությամբ, շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ոսկերչական իրերի պատրաստման գործընթացին՝ սկսած արտադրական փուլից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։

«Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խոչընդոտները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

Գործարարը Մուսալեռ գյուղում իրականացրել է 15 մլն դոլարի ներդրում, և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:

Գործարանում առկա է պատկերասրահ և վաճառասրահ, որտեղ ցուցադրվում են ոսկյա զարդերը, որոնք ոչ միայն վաճառվում են Հայաստանում, այլև արտահանվում են Ամերիկա, Եվրոպա և Մեքսիկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործարանի բացումից հետո բացվել են նաև երեք խանութներ, որոնցից մեկը գտնվում է Վանաձորում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում