«Դվին» հյուրանոցի վրա և հարակից տարածքում ապօրինի երկհարկանի շինություններ կան, կա՛մ պետք է քանդվեն, կա՛մ հսկայական գումարներ վճարվեն բյուջե․ քաղաքապետ
Այսօր՝ Երևանի ավագանու նիստում քննարկվեց «Դվին» հյուրանոցի վրա կառուցված ապակեպատ ապօրինի շինության և այդ տարածքում ևս երկու հարկանի ապօրինի շինության հարցը։
«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց․ « «Դվին» ՓԲԸ-ի տարածքում երկու հարկ կա ապօրինի կառուցված, տուգանվե՞լ են արդյոք ապօրինի շինարարության համար և ի՞նչ ենք նախատեսում անել ապօրինի երկու հարկի հետ»։
Ի պատասխան այս հարցի՝ Հայկ Մարությանը նշեց, որ բացի Անի Խաչատրյանի նշած երկհարկանի ապօրինի շինությունը ևս մեկ ապօրինի շինություն էլ կա հենց «Դվին» հյուրանոցի վրա․ «Ասեմ ավելին, բացի այդ ապօրինի կառուցված երկու հարկից հենց համալիրի վրա տարօրինակ երկու հարկանի մի կառույց էլ է ավելացել»,-ասաց քաղաքապետն ու ընդգծեց, որ Անի Խաչատրյանի նշածը՝ Դվին հյուրանոցի հետևում գտնվող շենքի վրա են հարկեր ավելացվել, և դրա հետ կապված կառուցապատողը երկու ճանապարհ ունի․ կա՛մ երկու հարկերը պետք է վերացնի, կա՛մ ամբողջ շենքը որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի և հսկայական գումար պետք է վճարի քաղաքային բյուջե․ «Շենքի հետ կապված արձանագրությունն արվել է և մեր մասնագետները կասեն թե ինչ ճանապարհով ենք գնում։ Երկրորդը՝ հենց Դվին հյուրանոցի վրա կա տարօրինակ կառույց երկհարկանի ապակեպատ, և դա էլի ապօրինի է, և այս դեպքում էլ նշված երկու տարբերակներն են գործելու՝ կա՛մ քանդվի այդ ապօրինի երկհարկանի կառույցը, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի և մեծ գումարներ վճարվի քաղաքային բյուջե»։
Կարծիքներ