Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթության ոլորտի բարեփոխմանը միտված նախագծերին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նախատեսվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:
Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած նախագծին, որով նախատեսվում է մի շարք սկզբունքային փոփոխություններ իրականացնել հանրակրթության ոլորտում: Օրինագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մասնագետների հետ, տեղի են ունեցել նաեւ խորհրդարանական լսումներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է: Նախագծի բազմաթիվ դրույթներ լրամշակվել եւ հստակեցվել են:
Կարծիքներ