Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններում Էրդողանի՝ երրորդ անգամ առաջադրմանը ոչ մի խոչընդոտ չկա
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է 2023թ. կայանալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված քննարկումներին, թե արդյոք Էրդողանը կարո՞ղ է երրորդ անգամ որպես նախագահի թեկնածու առաջադրվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Նախագահը երրորդ անգամ առաջադրվելու խնդիր չունի: Ես հոդված կհրապարակեմ այս թեմայով: Կարող եմ ասել, որ իրավական խնդիրներ չեն լինի, և որ քննարկումները տեղեկատվական սղության պատճառով են»,- ասել է նա։
Թուրքիայում տարբեր շրջանակներ պնդում են, որ երկրի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը չի կարող որպես նախագահի թեկնածու առաջադրվել երրորդ անգամ: Հակառակ տեսակետի պնդողներն էլ նշում են, որ երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, որով երկրում անցում է կատարվել նախագահական կառավարման համակարգի, սա լինելու է նրա երկրորդ առաջադրումը, ինչը սահմանադրությամբ թույլատրվում է:
Կարծիքներ