«Ազովստալի» գրոհի չեղարկումը խափանել է Արևմուտքի պլանները․ ՌԴ ՊՆ
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի վրա չգրոհելու հրամանը ձախողել է սադրանքների սցենարներից մեկը, որը նախապատրաստում էին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի երկրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորությամբ ծրագրում էր Ռուսաստանին մեղադրել Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները սադրանքների երեք սցենար են դիտարկում` Ուկրաինայում քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենք կիրառել, այնուհետև դրա համար մեղադրել Ռուսաստանին:
«Երկրորդը (այդ սցենարներից,– խմբ․) «Զանգվածային ոչնչացման զենքի առավելագույնս գաղտնի կիրառումն է՝ փոքր ծավալներով», որպեսզի որոշակի օպերատիվ խնդրի լուծման շրջանակներում ճնշեն կամքն ու դիմադրությունը: Այդպիսի սցենար դիտարկվել է «Ազովստալ» ձեռնարկությունում։ Բայց գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությունը՝ չեղարկել ձեռնարկության գրոհը, խափանել է դրա իրականացման Պենտագոնի պլանները»,-հայտնել է Կիրիլովը։
Բացի այդ, նա հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրահանգով գործի կդրվի Ռուսաստանի կողմից կենսաբանական զենքի կիրառման փաստերի հետաքննության մեխանիզմը:
«Մարտական գործողությունների այն շրջաններում, ուր ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների մուտքը չի թույլատրվի, նախատեսվում է ներգրավել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, որոնք ապահովված են պաշտպանության և ինդիկացիայի միջոցներով»,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն մարտի 9-ին Խերսոնի մարզի տարածքում երեք անօդաչու սարք է հայտնաբերել, որոնք հագեցած են 30 լիտր ծավալով տարաներով և նյութերի փոշեցրման սարքավորումներով։
Կիրիլովը նշում է, որ ավելի վաղ Ուկրաինայի կողմից հարցում էր ուղարկվել արտադրող ընկերությանը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը ցողիչ սարքավորումներով հագեցնելու հնարավորության վերաբերյալ, իսկ ՌԴ պաշտպանության նախարարության ունեցած տվյալներով՝ 2022 թվականի հունվարին Ուկրաինան միջնորդական կազմակերպությունների միջոցով ավելի քան 50 նման սարք է գնել, որոնք կարող են օգտագործվել կենսաբանական պատրաստուկների և թունավոր քիմիական նյութերի կիրառման համար:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից կենսաբանական (թունավոր) զենքի արգելման մասին կոնվենցիայի վավերացման ուղղությամբ ցանկացած միջազգային նախաձեռնության արգելափակումը, նախադրյալներ են ստեղծվում կենսաբանական զենքը չտարածելու մասին միջազգային պայմանավորվածությունների խախտման համար:
Կարծիքներ