Տեղի է ունեցել «Երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցութային հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը:
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստը վարել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:
Օրակարգի հարցերն էին՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտարարության տեքստի քննարկումն ու հայտերի ընդունման ժամկետների սահմանումը և «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական խմբի անդամների ընտրության չափանիշների քննարկումն ու որոշումը:
Գոհար Մամիկոնյանը ողջունել է ներկաներին և մինչ օրակարգի հարցերին անցնելը ներկայացրել՝ ինչ փոփոխություններ են կատարվել մրցույթի կանոնակարգում, հստակեցվել են այն միջոցառումները, որոնք կարող են իրականացվել «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակում: Մասնավորապես, միջոցառումները պետք է ուղղված լինեն երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացմանը, նպաստեն համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ/միջավայրեր, քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն), տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, օժանդակեն միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։
Մրցույթի կանոնակարգն արդեն իսկ հրապարակվել է, համայնքները լրացուցիչ կիրազեկվեն՝ հայտերի ներկայացման ձևաչափի վերաբերյալ:
Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին՝ հանձնաժողովը սահմանել է հայտերի ներկայացման ժամկետը, ըստ այդմ՝ հայտարարության հրապարակումից մեկամսյա ժամկետում համայնքները/քաղաքները կարող են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերը: Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև հայտարարության տեքստը և ընդհանուր առմամբ այն հավանության արժանացրել:
Օրակարգի 2-րդ հարցի շրջանակում ներկայացվել են փորձագիտական խմբի անդամների ընտրության չափանիշները, նրանց կողմից գնահատման ձևաչափի մանրամասները: Կարևորվել է հայտ ներկայացրած քաղաքից փորձագետի չընտրելու հանգամանքը՝ գնահատման անաչառությունը պահպանելու նպատակով: Բացի փորձագետների գնահատումից՝ հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև sms քվեարկությանը և հաստատել, որ «Երիտասարդական մայրաքաղաքի» ընտրություն կատարելիս որպես առաջնային գործիքակազմ ընդունվում է փորձագիտական եզրակացությունը:
Նշենք, որ փորձագիտական խումբ ձևավորելու նպատակով կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ամրագրել են, որ հաջորդ նիստը կկայանա հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո:
Կարծիքներ