«Ոչ ոք չգիտի՝ որ օդանավակայանում է վայրէջք կատարելու Սաակաշվիլիի օդանավը». Նիկա Մելիա
«Միացյալ ազգային շարժման» նախագահ և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան ասել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իսկապես ծրագրում է երկիր ժամանել հոկտեմբերի 2-ին, բայց ոչ ոք չգիտի, թե Վրաստանի որ օդանավակայանում է վայրէջք կատարելու նրան տեղափոխող ինքնաթիռը, գրում է apsny.ge-ն:
«Ոչ ոք չգիտի՝ դա կլինի Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, թե այլ վայր, բայց նա կժամանի, և ես նույնը կանեի նրա փոխարեն, և դուք նույնը կանեիք նրա փոխարեն», - ասել է Մելիան:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին հայրենիք վերադառնալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, ձերբակալվելու է այն պահին, երբ ոտք դնի Վրաստանի տարածք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, տարածքին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի այս գործընթացին, նույնպես կպատժվի օրենքի շրջանակներում ամենախիստ ձևով», - ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետը վստահ է, որ Սաակաշվիլիի նպատակը իշխանությունը վերադարձնելն է, սակայն նա հիշեցրել է, որ փողոցում 2003 թվականը չէ, երբ նախկին նախագահը իր համախոհների հետ միասին «վարդերի հեղափոխություն» կազմակերպեց Վրաստանում և այդպիսով եկավ իշխանության:
«Սաակաշվիլիի միակ խնդիրն ու նպատակը անկարգություններն են, ապակայունացումն ու քաոսը մեր երկրում: Նրա միակ ցանկությունն է վերականգնել իշխանությունը, սա անհասանելի երազանք է Սաակաշվիլիի և նրա թիմի համար: Այսօր պետությունն ուժեղ է, Միխոն ու իր բանդան թող չմտածեն, որ սա 2003 թ.-ն է: Բոլորը խստորեն պատասխան են տալու ցանկացած սադրանքի համար, իհարկե, օրենքի շրջանակներում », - եզրափակել է նա:
Սեպտեմբերի 6-ին Սաակաշվիլին հայտարարել էր, որ հայրենիք է գալու հոկտեմբերի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ: Ըստ քաղաքական գործչի, եթե անգամ վրացական իշխանությունները նրան բանտարկեն, «վրաց ժողովուրդը կազատագրի» իրենց նախկին նախագահին:
Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր: 2013 թվականին նա լքել է երկիրը նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ: Դրանից անմիջապես հետո նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով արդեն կան վճիռներ: 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտել է երեք տարվա ազատազրկման 2006 թվականին Վրաստանի Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար: 2018 թվականի հունիսի 28-ին դատարանը նրան դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործով:
Կարծիքներ