ԵԱ Մ-22․ Հայաստանի 2 բռնցքամարտիկներ հաղթեցին թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներին
Խորվաթիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում եզրափակիչ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շահբազյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն առավելության հասավ թուրք Տահիր Ակոյունի նկատմաբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց երկրորդ և երրորդ ռաունդներում Ասլիկյանը փոխեց մարտավարությունն ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ ռաունդում նա շատ մոտ էր նաև նոկաուտով հաղթանակի:
Գերկամային հաղթանակ տարավ նաև 63,5 կգ քաշային Արթուր Շահբազյանը: Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում մեր մարզիկը առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված բաց թողեց և մրցավարը հաշիվ բացեց:
Երկրորդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր: Նա ավելի շատ էր հարվածում, իսկ մրցակիցը պարզապես փախնում էր ռինգում, կամ բռնում: Արդյունքում Շահբազյանը 4:1 հաշվով հաղթեց ռաունդում: Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը ավելացրեց ճնշումը եւ հասավ հաղթանակի։
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Կարծիքներ