ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և հանդիպել Սև լճի հարակից տարածքում վնասվածքներ ստացած ՀՀ զինծառայողներին

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և հանդիպել Սև լճի հարակից տարածքում վնասվածքներ ստացած ՀՀ զինծառայողներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներն այսօր այցելել են զինվորական հոսպիտալ և հանդիպել Սև լճի հարակից տարածքում ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից վնասվածքներ ստացած ՀՀ զինծառայողներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: 

 

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին մայիսի 20-ի երեկոյան ահազանգ էր ներկայացվել այն մասին, որ նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում մեր մի շարք զինծառայողներ ստացել են տարբեր վնասվածքներ: Ահազանգից քիչ անց տեղեկությունը հրապարակվել էր նաև զանգվածային լրատվության միջոցներով:

Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է փաստերի հավաքմանն ու ուսումնասիրությանն ուղղված անհրաժեշտ քայլեր: ՀՀ զինծառայողներին երևանյան հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո իրականացվել է այց հոսպիտալ:

Պայմանագրային զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են վնասվածքներ ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, տեղեկություններ են փաստագրվել նրանց, ինչպես նաև Հայաստանի մյուս զինհոսպիտալում բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակի մասին:

Պաշտպանի ներկայացուցիչները ՀՀ զինծառայողների առողջական վիճակը քննարկել են հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Բժիշկների գնահատմամբ՝ բոլոր զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք հիմնականում ստացել են ձեռքի, դիմածնոտային կամ այլ թեթև աստիճանի վնասվածքներ, ներկայում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում