Թարվերդյանը հայտնել է որոշ անուններ, որոնք Երևանի ավագանու ընտրություններում կլինեն իր կուսակցության առաջին համարներում
«Մեր պետությունում լիդերի դերը շատ մեծ նշանակություն ունի, ցանկացած ամենալավ ծրագրի դեպքում էլ եթե իրականացնողներ չկան, տանում է փակուղի»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Երևանի ավագանու ընտրություններին:
Խոսելով իր գլխավորած քաղաքական ուժի մասնակցության և ծրագրերի մասին՝ Երվանդ Թարվերդյանը նկատում է, որ ունեն թե՛ մշակութային, թե՛ կրթական, թե՛ քաղաքաշինության և թե՛ տրանսպորտի հետ կապված ծրագրեր, որոնք միտված են հեշտացնելու և բարելավելու երևանցիների կյանքի որակը:
«Ունենք մշակութային ոլորտի պատասխանատու, որը բավական խիստ և անձնավորված գնահատականներ էր տալիս այսօրվա իշխանություններին: Երբ դարձավ մեր թիմակիցը, խնդրեցի երևույթներին գնահատական տալ և զարգացման հեռանկար զարգացնել: Հավատացեք, այդ էքստրեմիստ հասարակական գործիչը այսօր դարձել է քաղաքական թիմի շատ ռացիոնալ անդամ: Կրթական ոլորտում ունենք թիմակից՝ կուսակցության խորհրդի անդամ, որը նախկինում նորից անձանցից էր խոսում, այս թիմ մտնելով՝ սկսել է խոսել երևույթներից, կրթական ծրագրերից»,- ընդգծում է Թարվերդյանը՝ հավելելով՝ իր թիմակիցները մոռացել են անձանց մասին, նրանք պետության զարգացման մասին են մտածում:
«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը, շարունակելով միտքը, նշում է, որ ունեն նաև մշակութային ծրագրեր, որոնք ենթադրում են համաչափ զարգացում. «Քաղաքը մեծանում է, որոշ ժամանակ հետո մեգապոլիս ենք դառնալու: Այն հատվածից, երբ տեսնում ենք քաղաքի «Երևան» անվանումը և մինչև քաղաքի կենտրոնը նույն ձևով պետք է մարդիկ զարգանան և կարողանան օգտվել հանրային ծառայություններից, այդ թվում՝ մշակութային: Շենգավիթ և Էրեբունի համայնքներում բնակվող մարդիկ նույնպես իրավունք ունեն հաճախակի կինոթատրոն, պարի, երգի դպրոց գնալ»:
Հաջորդ կարևոր գործոնը, որն առանձնացնում է քաղաքական գործիչը, տրանսպորտային համակարգի հիմնախնդիրները կարգավորող ծրագրերն են: «Կցանկանամ կիրառել մի մոդել, որը տեսել եմ ԱՄՆ-ում. տարբերակում դրվի՝ մեկ անձ մեքենայի մեջ և ընտանիք մեքենայի մեջ մոդելով: Այսինքն, եթե մեքենան տեղափոխում է երկուսից ավելի անձանց, նա պետք է օգտվի տեղաշարժման ավելի արագ հնարավորությունից, նույն առանձնացված ավտոբուսային գծերից: Մարդկանց պետք է ուղղորդել, որ օգտվեն հասարակական տրանսպորտից, որը տնտեսապես շահեկան է»,- կարծում է նա:
Լրջագույն ծրագիր ունեն նաև քաղաքաշինության ոլորտում, ասում է Թարվերդյանը՝ մանրամասնելով.
«Երիտասարդ ընտանիքներին հնարավորություն տալ առանց բանկային համակարգի, լոմբարդային համակարգի ներգործության ձեռք բերել բնակարան: Այսինքն, ենթադրենք, 700 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, առանց բանկային համակարգի միջնորդության, մաս-մաս քաղաքին վճարելով՝ 10 տարում ձեռք բերեն բնակարան: Ընդ որում՝ տնտեսական հաշվարկով այսօրվա վարձավճարից քիչ գումար են վճարելու և վերջնարդյունքում բնակարան են ունենալու»,- ասում է նա:
«Միացյալ Հայաստան» քաղաքական միավորը գլխավորողը նաև կարևորում է վերգետնյա գնացքների և ուղիների ստեղծումը. «Սյուների վրա կառուցվող վերգետնյա տրանսպորտը մեծ հնարավորություններ կտա և ռեալ է: Նման տրանսպորտ կա Փարիզում, Դուբայում, Չինաստանում: Պետք է մեծապես համագործակցել Չինաստանի կառավարության հետ, որովհետև խիստ բնակեցված քաղաքներ ունի, Չինաստանում է նաև աշխարհում ամենաբնակեցված քաղաքը՝ 30 միլիոնից ավելի բնակիչ, ինչո՞ւ ենք ամաչում հարցնել և ուզում ենք ինքնուրույն անել»:
Երվանդ Թարվերդյանը նաև անուններ է թվարկում, թե ովքեր են լինելու կանգնած այն ծրագրերի հետևում, որոնք կուսակցությունն առաջարկում է. «Առաջին տասը համարում կլինեն կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որը մշակութային բլոկի պատասխանատուներից մեկն է, կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը, որը բավականին հարգանք ունեցող պատմաբան է, փիլիսոփա և կրոնագետ: Ցուցակում կներգրավվեն Կարեն Իվանովը, որը մեր կուսակցության խորհրդից է և տնտեսական դաշտին լիարժեք տիրապետող անձ, որն այսօր էլ է համագործակցում պետության հետ: Ցուցակում ամենայն հավանականությամբ կլինի Հովհաննես Ազարյանը, որը կրթական բլոկի պատասխանատուներից է»:
Վերջինս չի բացառում նաև այլ քաղաքական ուժերի հետ դաշինքով հանդես գալը:
«Մենք բաց ենք, տաբեր համայնքային ընտրությունների ժամանակ նման առաջարկ եղել է, և ես շատ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպելիս հումորով ասում եմ՝ «արի՛ կուսակցությունները կպցնենք իրար»: Եթե մենք նույն տրամաբանությունը ունենք պետության և պետության զարգացման մասին, եկեք ամբիցիաները մի կողմ դնենք և խոշորացնենք կուսակցությունները»,- նշում է նա:
«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասում է, որ շրջելու են քաղաքով, մարդկանց ներկայացնելու իրենց ծրագրերը՝ այդ ընթացքում հնարավորինս օգտվելով պետության ընձեռած հնարավորություններից:
«Մեզ հասանելի լրատվամիջոցներով փորձում ենք մեր ծրագրերի մասին բարձրաձայնել: Ամենալավ մոդելը «գնչուական փորձն» է, երբ որ շրջում ես, զրուցում, քննարկում: Ցավոք, մեր հասարակությունն այսօր պատրաստ չէ քաղաքական ծրագիր ընդունելու և ընկալելու, նրանք մտահոգված են օրվա հացի խնդիրը լուծելով»,- ասում է նա:
Կարծիքներ