Պետական ծրագրերով աշխատանքներ են ընթանում շուրջ 100 կրթական հաստատություններում

Պետական ծրագրերով աշխատանքներ են ընթանում շուրջ 100 կրթական հաստատություններում

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիներին իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում: Ներկայում պետական տարբեր ծրագրերով շուրջ 100 կրթական հաստատություններում ընթանում են նախագծման, նորոգման և կառուցապատման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

«Արմենպրես» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած համատեղ ասուլիսում այս մասին նշել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ինչպես նախադպրոցական, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարելավման աշխատանքներն ընթանում են պետական, համայնքային և միջազգային տարբեր ծրագրերով: «Հավակնոտ նպատակը, որ դրված է կառավարության ծրագրում, կարող է իրականացվել միայն տարբեր գերատեսչությունների ջանքերի համատեղմամբ»,- ասել է փոխնախարարը` շեշտելով, որ հիմնական նպատակը կրթական կարիքների քարտեզի կազմումն ու դրա իրագործումն է՝ որպես գերակայություն ունենալով որակյալ կրթության ապահովումը:

Դասական և այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ

«Նախադպրոցական հաստատությունների ծրագրերով՝ նախատեսում ենք հիմնել դասական մանկապարտեզներ` դրանք հիմնանորոգելով և կառուցելով, փոքրաքանակ երեխաներով բնակավայրերում էլ ներդնել այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդել: Օրինակ՝ եթե բնակավայրում նախադպրոցական տարիքի մինչև 20 երեխա կա, ապա ոչ թե դասական մանկապարտեզ է ստեղծվում, այլ այլընտրանքային նախադպրոցական ծառայություն է ներդրվում: Այս տարի արդեն 10 նման ծառայություն ստեղծել ենք, առաջիկա տարիներին դրանց թիվն ավելանալու է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` միայն սուբվենցիոն ծրագրերով այս տարի շուրջ երեսուն մանկապարտեզներում նորոգման, հիմնանորոգման և վերակառուցման տարբեր ծավալի աշխատանքներ են կատարվել: Երևան քաղաքում քաղաքապետարանի կողմից 2022 թվականին ավարտին կհասցվեն 16 մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները:

Բոլոր դպրոցներն ունենալու են նոր գույք և բնագիտական լաբորատորիաներ

Հանրակրթության ոլորտում ևս դպրոցաշինության ծրագրերը բազմազան են. հիմնվում են մոդուլային դպրոցներ, վերակառուցվում և հիմնանորոգվում են գոյություն ունեցող շենքերը, ինչպես նաև կառուցվում են նոր շենքեր: Որպես ընդհանրական մոտեցում` կառուցվող և նորոգվող բոլոր դպրոցներն անպայման ունենալու են բնագիտական լաբորատորիաներ, նոր գույք և կահավորում:

Այս պահին Համաշխարհային բանկի աջակցությամբ ընթացքի մեջ է 13 ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագիրը: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ գալիք տարի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ 2022 թվականին ավարտին կհասցվեն 8 դպրոցի վերակառուցումը և կառուցումը. դա կհամակարգի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նոր մոդել Կապանում

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում իրականացվող, իր բնույթով բոլորովին նոր կրթական ծրագիրը, որը ապահովելու է կրթական որակյալ ծառայություն` նոր ենթակառուցվածքներով:

«Մենք նախատեսում ենք Կապանի 31 գյուղական բնակավայրերի համար ստեղծել նման 13 արդիական ենթակառուցվածքներ, որոնք իրենց բնույթով լինելու են կրթահամալիրներ: Այսինքն՝ իրենց մեջ ներառելու են թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական ծառայությունները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Կապանի կրթական մոդելի ներդրման աշխատանքն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանի միջոցով:

Քաղաքաշինական նորմերի վերանայում և տիպային նախագծեր

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք նախաձեռնել են մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են քաղաքաշինական ծրագրերի իրականացման գործընթացի դյուրացմանը:

«Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ավելի որակյալ ու արագ իրականացնել շինարարական ծրագրերը: Նախ՝ մենք այս տարի փոխեցինք սեյսմակայունության շինարարական նորմերը, որոնք հնարավորություն կտան առավել սեյսմակայուն ու որակյալ շինարարություն իրականացնելու»,- փաստել է Դավիթ Գրիգորյանը:

Մյուս կարևոր փոփոխությամբ` կոմիտեն նախաձեռնել է բազմակի կիրառվող նախագծերի օգտագործման կարգի հաստատում: Ըստ այդմ` այն նախագծերը, որոնք արդեն կիրառվել են դպրոցներ ու նախակրթական հաստատություններ կառուցելու նպատակով, կկիրառվեն նաև այլ համայնքներում: Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հավաստմամբ՝ քաղաքաշինական ծրագրերն ավելի արագ իրականացնելու առումով սա շատ կարևոր քայլ է` հաշվի առնելով, որ նախագծման փուլը երկարատև է, միջին հաշվով մինչև 7 ամիս ժամանակ է պահանջվում: Ըստ Դավիթ Գրիգորյանի` պետք է հաստատել տիպային նախագծեր, որոնք կկիրառվեն տարբեր բնակավայրերում:

100-ից ավելի հաստատություններում աշխատանքներն ընթացքի մեջ են

Ներկայացնելով շինարարական աշխատանքների ընթացքը` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը նշել է, որ ներկայում 100-ից ավելի կրթական հաստատություններում տարբեր բնույթի աշխատանքներ են ընթանում: Բուն շինարարության և կառուցապատման աշխատանքներ ընթանում են շուրջ 30 հաստատություններում: Քաղշինկոմիտեի պատվիրակմամբ՝ ևս 54 հաստատությունում շինաշխատանքներ կսկսվեն 2022 թվականին:

Ընթացքի մեջ են փոքրաքանակ երեխաներով համալրված համայնքների՝ թվով 22 դպրոցների կառուցապատման ծրագրերը, որոնցից 21-ի շինարարական աշխատանքները սկսված են, իսկ 22-րդ դպրոցինը կսկսվի գալիք տարի: Դրանցից 15-ի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականին:

«Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցները նախատեսված են 100-120 աշակերտների համար, դրանք կառուցվում են միհարկանի տիպային նախագծերով, որում ներառված է նաև նախակրթարանի հատված»,- տեղեկացրել է Արսեն Միրզոյանը:

Ընթանում են 144-տեղանոց հզորությամբ մանկապարտեզների նախագծման աշխատանքներ: Դրանք իրականացվում են Արևիկ համայնքի համար մշակված տիպային նախագծի օրինակով:

«Սա այդ հզորությամբ մանկապարտեզի առաջին նախատիպը կլինի, որտեղ մետաղական կոնստրուկցիաների կիրառմամբ կատարվում է արագ շինարարություն: Մանկապարտեզը շահագործման է հանձնվելու՝ անհրաժեշտ գույքով և սարքավորումներով կահավորված: Գույքի ապահովումն ու կահավորումը ևս շինարարական փաթեթի մեջ է ներառված: Արդյունքները գնահատելուց հետո հնարավոր է՝ այս մոդելը կիրառվի նաև այլ նախագծերի դեպքում»,- նշել է քաղաքաշինության վարչության պետը:

Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախօրեին ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում