Բրիտանացի փորձագետը գնահատել Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների արդյունքները
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը ցուցադրում է անվտանգության և հակամարմինների մշակման ընդունելի մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Լանքասթերի համալսարանի մոլեկուլյար վիրուսաբանության մասնագետ դոկտոր Մուհամադ Մունիրը:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը:
«Եթե դատենք ըստ տվյալների, որը հրապարակվել է The Lancet հանդեսում, «Սպուտնիկ V»-ն ցուցադրում է անվտանգության ընդունելի մակարդակ և խորը իմունոգենություն: Թեև հետազոտության մասնակիցների թիվը համեմատաբար փոքր է, կան գծեր, որոնք «Սպուտնիկ V»-ն դարձնում են բազմախոստում թեկնածու»,- նշել է բրիտանացի փորձագետը:
«Որպես վեկտորներ երկու տարբեր ադենովիրուսների օգտագործման գաղափարն առավելություն է բազմաթիվ այլ հիմնական պատվաստանյութերի համեմատությամբ, որոնք այժմ մշակվում են: Ընդհանուր առմամբ իմունային համակարգը վեկտորային սպիտակուցներն ընդունում է որպես հակագեն և տալիս է իմունային պատասխան»,- պարզաբանել է Մունիրը:
Նա նշել է, որ կրկնակի իմունացման դեպքում ռիսկ կա, որ արդեն առկա իմունիտետը կարող է խախտել պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի արդյունավետությունը, սակայն ռուսական պատվաստանյութի դեպքում դրանից, հնարավոր է, կարելի կլինի խուսափել:
Կարծիքներ