Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակված զբոսաշրջիկներին 3 հազար դոլարի փոխհատուցում կվճարեն

Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակված զբոսաշրջիկներին 3 հազար դոլարի փոխհատուցում կվճարեն

Կորոնավիրուսով Ուզբեկստանում վարակված զբոսաշրջիկներին 3 հազար դոլարի փոխհատուցում կվճարեն: Այս մասին հաղորդվել է «Ուզբեկստան-24» հեռուստաալիքի եթերում, հայտնում է UzNews-ը: 

Ներդրվում է նաեւ «Ուզբեկստան՝ անվտանգ ճանապարհորդությունը երաշխավորված է» սանիտարահամաճարակային անվտանգության համակարգ, որը զբոսաշրջիկների համար կդառնա յուրատեսակ անվտանգության բարձիկ: Դրա շրջանակում ստեղծվում է «Անվտանգ տուրիզմ» հիմնադրամ, որի մեջ Հակաճգնաժամային հիմնադրամից նախապես կներդրվի շուրջ 20 մլրդ սում: Հետագայում Հիմնադրամը կհամալրվի հավաստագրման վճարումների հաշվին, ինչպես նաեւ կամավոր կարգով այն տուրիստական օպերատորների հաշվին, որոնք կցանկանան աշխատել զբոսաշրջիկների հետ: Պետական սեփականության օբյեկտները ենթակա են այս ծրագրի կողմից պարտադիր հավաստագրման:

«Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջիկները պետք է վստահ լինեն, որ ոչ միայն կորոնավիրուսային ինֆեկցիան, այլեւ սանիտարահամաճարակային բարենպաստությանը վերաբերող մյուս խնդիրները իրենց չեն առնչվի: Տուրօպերատորները, հյուրանոցները եւ տուրիզմի ինդուստրիայի հետ կապված բոլորը մի շարք պահանջների կատարման դեպքում ստանալու են հատուկ հավաստագիր: Այդ հավաստագրի առկայությունը նրանց թույլ կտա աշխատել զբոսաշրջիկների հետ»,- ասել է Ինովացիոն առողջապահության ազգային պալատի նախագահ Ռավշան Իզամովը:

Հաղորդվում է, որ այդպիսի պրակտիկան լայնորեն կիրառվում է աշխարհի շատ երկրներում: Կարանտինի ժամանակաշրջանում տուրօպերատորների կողմից օտարերկիրյա զբոսաշրջիկներին ծառայությունների մատուցումը կարող է իրականացվել միայն «Ուզբեկստան՝ անվտանգ ճանապարհորդությունը երաշխավորված է» ռեեստրի մեջ մտած օբյեկտներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում