Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները. հետագա պլանների մեջ է Դեբեդի հենապատերի ամրակայումը
Գործընկերների աջակցությամբ երեկ ավարտվել է Քարկոփ բնակավայրի հետ կապող հետիոտնային կամրջի կառուցումը և մարդիկ անարգել միջպետական Մ6 մայրուղուց անցնում են նշված համայնք:
Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը՝ ներկայացնելով հունիսի 4-ին և 5-ին աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող և կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:
«Քարկոփում համայնքի ղեկավարի գլխավորությամբ և մեր մի խումբ կամավորների աջակցությամբ շարունակվում են մաքրման աշխատանքները, ինչի առթիվ բնակիչներն արտահայտեցին իրենց գոհունակությունը: Այդուհանդերձ Քարկոփում դեռ կան անելիքներ, որոնց կատարման ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասել է Լոռու մարզպետը:
Նախատեսված է նաև նոր ջրագիծ անցկացնել միջպետական Մ6 մայրուղուց, որպեսզի մի քանի կետեր ապահովվեն խմելու ջրով: Վաղը «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները կավարտեն մոնտաժման աշխատանքները: Աշխատանքներ է իրականացնում նաև ՀԵՑ-ը։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ վնասված տների պատերը դեռ խոնավ են, ուստի անվտանգության տեսանկյունից առայժմ նպատակահարմար չէ դրանցում կատարել հոսանքի հետ կապված աշխատանքներ, սակայն ազգաբնակչության կարիքները որոշակիորեն հոգալու նպատակով մի քանի կետերում կապահովվի նաև հոսանքի մատակարարումը»,- ասել է Ղազարյանը:
Երեկվանից ակտիվ աշխատանքներ են իրականացվում Ախթալայի հատվածում, որտեղ տեղադրվել է ժամանակավոր երկաթե կամուրջ։ Վաղվանից կգործի նաև ժամանակավոր ավտոմոբիլային կամուրջը: Աշխատանքները շարունակվում են նաև Ալավերդի համայնքում, հընթացս լուծվում են կոյուղիների հետ կապված որոշ խնդիրներ: Նախատեսվում է այդ հատվածում կառուցել նոր կոյուղագծեր:
«Այցելել եմ նաև Սանահին թաղամաս, որտեղ հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց կարիքները: Գրեթե 90 տոկոսով այնտեղ ավարտվել են մաքրման աշխատանքները: Ավարտական փուլում են գտնվում նաև գետի մյուս ափ տանող հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները, ինչը զգալիորեն կհեշտացնի մեր աշխատանքները նշված հատվածում, և անմիջական կապ կհաստատվի Ալավերդի քաղաքի կենտրոնի և կայարանամերձ թաղամասի միջև»,- տեղեկացրել է նա։
Գույքագրման գործընթացը ևս շարունակվում է: Կան տնտեսվարողներ, ովքեր կրել են զգալի վնասներ, որոնց գույքագրումն իրականացնելու և ամբողջական վնասը գնահատելու համար կպահանջվի որոշակի ժամանակ: Գնացքներն արդեն կարողանում են մոտենալ Այրում կայարանին, որտեղից վառելիքը բեռնատար մեքենաներով տեղափոխվում է Երևան և երկրի մյուս բնակավայրեր:
«Մենք բնականաբար չենք բավարարվելու ժամանակավոր կառույցներով: Հիմնական կամուրջներն ամբողջությամբ մոտ ապագայում կառուցվելու են: Այս պահին պատկան մարմիններն ու մասնագետները քննարկում են հնարավոր տարբերակները՝ կատարելով նախագծային աշխատանքներ:
Հետագա պլանների մեջ է մտնում նաև Դեբեդ գետի հունի մաքրումը, ինչպես նաև հենապատերի ամրակայումն ու վերանորոգումը, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի գետը վերադառնա նախկին մակարդակին: Այս օրերին Դեբեդի մակարդակը զգալիորեն իջել է»,- տեղեկացրել է Լոռու մարզպետը:
Կարծիքներ