Եթե կարողանանք բացել Թուրքիայի հետ սահմանը, ռուս-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը անհաջողության կմատնվի. քաղաքագետ
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր է այս փուլում բարձրացնում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը՝ պատճառաբանելով, թե դրա մեջ առկա որոշ դրույթներ խոչընդոտ են Խաղաղության պայմանագրի կնքման համար:
Ըստ նրա, սակայն, պաշտոնական Բաքուն լավ է հասկանում, որ եթե անգամ հայ հասարակությունը հակված է փոփոխելու իր Սահմանադրությունը, ապա գործընթացը կարող է ձախողվել, եթե դրա մասին պնդումներ անի Ադրբեջանը: Այսինքն, քաղաքագետի դիտարկմամբ, Ադրբեջանին ոչ թե Սահմանադրության փոփոխելն է հետաքրքիր, այլ այս կերպ նա փորձում է տապալել խաղաղության հասնելու ջանքերը:
Վերջինս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը պատրվակներ են հորինում՝ սահմանային լարումներ հրահրելու համար, որն էլ կվերածեն լայնամասշտաբ գործողություների:
«Դրանով է բացատրվում, որ Ադրբեջանը պնդեց սահմանազատումը սկսել Տավուշից, քանի որ, ըստ էության, այդ հատվածում է, որ ՀՀ-ն պետք է որոշակի տարածքային զիջումներ աներ, որը կհանգեցներ ներքաղաքական գործընթացների, ինչն էլ նրանց հաշվարկով պետք է բերեր ՀՀ-ում իշխանափոխության: Այստեղ ՀՀ-ն կառուցողական գտնվեց և հագուրդ չտվեց ռուս-ադրբեջանական տանդեմի ծրագրերին, ինչի արդյունքում մենք տեսանք, որ իրականության մեջ վերջին տարիների «ամենաապաքաղաքական» շարժումը մարեց, քանի որ բոլորը հասկացան, թե ինչի համար էր, ու ովքեր էին այն առաջնորդում»,- ասում է Առաքելյանը
Միաժամանակ զրուցակիցը Ալիևը նման՝ ապակառուցողական վարքագիծը կապում է Միացյալ Նահանգներում սպասվող ընտրությունների հետ:
«Ադրբեջանի և նրա դաշնակիցների հույսը ԱՄՆ-ում Թրամփի վերընտրվելն է, այսինքն՝ Բայդենի կամ դեմոկրատների պարտությունը: Նրանք նաև հույսեր ունեին ֆրանսիական ընտրությունների հետ կապված, որում Մակրոնը անհաջողություն կգրանցեր, և աջ ծայրահեղների կուսակցությունը՝ ի դեմս Մարի Լը Պենի, Կառավարություն կկազմեր, ինչը չարդարացավ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի հետ կապված հույսերը նույնպես չեն արդարանա: Այդ սցենարի դեպքում մեզ համար դժվարություններ կարող են լինել»,- նկատում է նա:
Ըստ քաղաքագետի՝ այս մի քանի ամիս ժամանակը հայկական կողմի համար էլ է կարևոր՝ վատթարագույն սցենարին պատրաստվելու համար. «Կրկնում եմ՝ կարծում եմ՝ իրենց հույսերը չեն արդարանա, սակայն միևնույն ժամանակ պետք չէ բացառել պատերազմը: Ալիևի համար զսպող գործոն է «ԿՈՊ29» գագաթնաժողովը, բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ «ԿՈՊ29»-ը և Ալիևի վերընտրվելը հենց այնպես չեն տրվել նրան, այլ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու դիմաց»:
Հարցին, թե ո՞ր աշխարհաքաղաքական իրողության դեպքում Բաքուն շահագրգռված կլինի խաղաղությամբ և վերջնականապես կգնա այդ որոշմանը, Առաքելյանը պատասխանում է, որ Բաքուն հարցի երևացող կողմն է. «Գլխավոր կողմը, որ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ՌԴ-ն է: Պետք է հաշվի առնենք նաև Թուրքիայի գործոնը, եթե, օրինակ, մեզ հաջողվի բացել Թուրքիայի հետ սահմանը, հայ-թուրքական հարաբերություններում որոշակի նոր հանգրվանի գանք, ապա կարծում եմ՝ ռուս-ադրբեջանական տանդեմի այդ քաղաքականությունը մեծապես անհաջողության կմատնվի, քանի որ նրանք իրենց խաղը տանում են՝ նաև հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»:
Մանրամասն` սկզբնաղբյուրում:
Կարծիքներ