«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը չվերթի հետ կապված հրապարակումների առնչությամբ հայտարարություն է տարածել
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ նստել իրենց պատճառով։
Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
«Այն տեղեկությունները, թե որոշ ուղևորներ մեր պատճառով դուրս են մնացել չվերթից, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, թե Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել։ Նրանցից մեկը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ «ինքնաթիռից դուրս մնացած» ուղևորների փոխարեն թռիչքով մեկնել են «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները։
Ակումբը հայտնում է, որ իրենք տոմսերը ձեռք են բերել նախօրոք՝ ընդհանուր հիմունքներով։ Իրենց անձնակազմը բոլորի պես ստիպված է եղել մոտ 4.5 ժամ սպասել, ուշացումով ու փաստացի նախախաղային գրաֆիկի կոպտագույն խախտումով մեկնել Քիշնև։
Ակումբից խնդրել են չշահարկել իրենց անունը։
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Քիշնևում Հայաստանը ներկայացնում է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում`հյուրընկալվելով տեղի «Զիմբրուին»:
Կարծիքներ