Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը. Նիկոլ Փաշինյան

Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը. Նիկոլ Փաշինյան

Վաղվանից, վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ըստ նախնաման արդյունքների խորհրդարանական ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ես նաեւ հույս ունեմ, որ ժողովուրդը այս մանդատը տալիս է ինձ, որովհետեւ մենք պիտի մեր երկրի ու ժողովրցի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային եւ քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը եւ ողջ ներուժը մեր երկրի, ժողովրդի, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը եւ բարեկեցությանը ծառայեցնելուն: Ես նման երկխոսության կոչ եմ անում նաեւ բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ մենք այս ընթաքում բանավեճ ենք ունեցել: Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը եւ Հայաստանում հաստատելու օրենքի եւ իրավունքի դիկտատուրա»,- շարունակեց վարչապետի թեկնածուն:

Անդրադառնալով հոգեւորականների դիրքորոշումներին, Փաշինյանը նշեց, որ հոգեւոր եւ կազմակերպչական երկխոսության կոչ է անում նաեւ մեր երկրի հոգեւոր առաջնորդներին.

«Որովհետեւ հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանական ընտրություններում (ես դեռ Արարատի մարզում քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ էի ասել), որովհետեւ ձայն բազմաց, ձայն Աստծո: Եվ Աստծո ձայնին առավել եւս որեւէ հոգեւոր սպասավորը հակադրվելու իրավունք չունի, եւ մենք պիտի նորոգենք մեր երկրի հոգեւոր կյանքը նույնպես, որովհետեւ մեր երազանքները կյանքի կոչելու համար ըստ տեսության մեզ ընդամենը մի բան չի հերիքել՝ մանանեխի հատիկի չափ հավատ չի հերիքել, եւ մենք մեր սրտում, մեր գիտակցության մեջ պիտի ստեղծենք այդ հավատը եւ երբ որ ունենանք այդ հավատը, մենք կունենանք ազատ եւ երջանիկ երկիր, ազատ եւ երջանիկ հայրենիք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում