Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով. նախագիծ

Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: 

«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- ասաց հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Պապիկյանն ընդգծեց՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ. «Պաշտպան հայրենյաց» ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրում և այլն:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով: 

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց՝ օրենքի նախագիծը հավանության է արժանացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, խնդրեց օրենքի նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում