Այսօր Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ 22 մարդ է ձերբակալվել
Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 22 մարդ է ձերբակալվել, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, գրում է ria.ru-ն։
Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ նշելով, որ նրանք երբեմն բախվում են «չափազանց դաժան մարդկանց»։
«Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ 22 մարդ է ձերբակալվել»,- թվիթերում գրել է ՆԳ նախարարը։
Նշենք, որ այսօր «գլոբալ անվտանգության մասին» օրինագծի 24-րդ հոդվածի դեմ զանգվածային ակցիայի ժամանակ ցույցի մասնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել, ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Ցուցարարները Փարիզում առնվազն երեք ավտոմեքենա են հրկիզել։
Նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «գլոբալ անվտանգության մասին» օրինագիծը, որի 24-րդ հոդվածը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք՝ «ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանության աշխատակիցների լուսանկարը տարածելու համար, որը նպատակ է հետապնդում վնաս հասցնել նրանց ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը»: Շատերը մտահոգված են, որ օրինագիծը կարող է լուրջ վնաս հասցնել խոսքի ազատությանը, իսկ լրագրողներն ու քաղաքացիները չեն կարողանա ցույցերի ժամանակ ազատորեն արձանագրել իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքը։
Կարծիքներ