Վարչապետը լրագրողական գործունեության էթիկայի կանոնների մշակման անհրաժեշտություն է տեսնում
Լրագրողները իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ պետք է մշակեն և հետևեն այդ կանոններին:
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ՝ Ազգային ժողովում լրագրողների գործունեության սահմանափակման վերաբերյալ հարցին:
«Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված կոնկրետ առաջարկ ունենք: Կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություններ առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, երբ լրագրողները իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն և իրենք կհետևեն այդ կանոններին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև խոսեց Կառավարության այլ նախաձեռնության մասին: Ըստ Փաշինյանի` ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն, և հստակ լինի որևէ լրագրող լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե քաղաքական որոշակի շրջանակի ներկայացուցիչ է:
Ազգային ժողովում մի խումբ լրագրողներ օգոստոսի 24-ին բողոքի ակցիա են իրականացրել լրատվամիջոցների սահմանափակումների դեմ: Լրագրողներին, մասնավորապես, չի թույլատրվում Ազգային ժողովի միջանցքներում հարցազրույցներ իրականացնել պատգամավորների հետ:
Կարծիքներ