58 000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել․ փոխնախարար

 58 000 տոննա պտուղ-բանջարեղեն  է արտահանվել․ փոխնախարար

 Այս պահի դրությամբ, Հայաստանից արտահանվել է 13 հազար տոննա ծիրան, շուրջ 3200 տոննա կեռաս, 21 հազար տոննա լոլիկ, 800 տոննա ելակ: Ընդհանուր առմամբ՝ 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն արտահանվել է 2020 թվականին, որը  նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով պակաս է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Արտահանման քիչ ցուցանիշը հիմնականում կապված է խնձորի արտահանման հետ, քանի որ այս տարի արտահանվել է 5500 տոննա, մինչդեռ 2019 թվականին, ծավալը կազմում էր 11 500 տոննա: 

 Արման Խոջոյանի փոխանցմամբ՝  արդեն  մթերվել է մոտ 5500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1200 տոննան միայն բանջարեղենն է:

Նախարարի տեղակալը  նաև վստահեցրեց, որ արտահանումն առանց խոչընդոտների է անցնում, քանի որ բեռնատարներն անարգել անցնում են սահմանային անցակետերը և գյուղմթերքը ժամանակին հասցնում արտաքին շուկաներ: 

 Իսկ հակաճգնաժամային երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվել է 16 200 վարկ՝ ընդհանուր 23 միլիարդ դրամ ծավալով: 

 «Առաջին միջոցառման ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպությունների գործառնական ծախսերն ապահովելու համար տրամադրվել է 6 միլիարդ դրամ: Մինչև օրս 2020 թվականի պետական օժանդակության ծրագրերով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 18 000 վարկ՝ ընդհանուր 37 միլիարդ դրամ ծավալով»,- հավելեց նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում