Շիրակի մարզում մեկնարկել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագիրը

Շիրակի մարզում մեկնարկել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագիրը

Գյումրիում այսօր տրվել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական մեկնարկն՝ ուղղված Շիրակի մարզի միածնող ընտանիքի աշխատունակ մայրերի զբաղվածության ապահովմանը։

Գյումրիից, Արթիկից, Մարալիկից, Ախուրյանից և մի շարք համայնքներից ծրագրին դիմած ավելի քան 100 մասնակցի իրենց ելույթներով ողջունել են ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը,  Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը։

Խոսելով կանանց զորեղացման, վերջիններիս համար կայուն զբաղվածության ապահովման մասին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է այդ ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքներն ու մշակվող քաղաքականությունը․ «Մեզ համար առաջնային նշանակություն ունեն կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք ներգրավվածությանը նպաստող միջոցառումները։ Նմանատիպ փոքր, պիլոտային ծրագրերը ևս հնարավորություն են՝ գնահատելու դրանց արդյունավետությունը և ապա անցում կատարելու առավել լայնամասշտաբ միջոցառումների իրականացմանը։ Այս ծրագրի հաջող ընթացքի դեպքում, կդիտարկենք նաև դրա շարունակականության հնարավորությունը»,-նշել է Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ այդ նպատակով նախարարությունը շարունակում է տարբեր ձևաչափերով համագործակցել մասնավոր, պետական, ինչպես նաև միջազգային մի շարք գործընկերների հետ։

Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին ևս իր ելույթում շեշտել է կանանց հզորացմանն ուղղված ծրագրերի կարևորությունն ու համագործակցությունն այդ համատեքստում․ «Շատ ուրախ եմ, որ ծրագրին միանալու համար այսքան շատ մասնակիցներ են դիմել, ինչը ցույց է տալիս, որ այն մեծ հետաքրքրություն է ստեղծել։ Ուրախ եմ նաև, որ դուք ցանկանում եք հասնել ձեր նպատակներին, ինչի ճանապարհին մենք պատրաստ ենք Ձեզ օգնելու»,-նշել է Ալ Սալամին։

Մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ելույթում ընդգծել է, որ ծրագրի նպատակը միայն հմտություններ փոխանցելը չէ, այլ տալ իսկապես կիրառելի գործիքներ, որոնք կնպաստեն կանանց կայուն զբաղվածութան ապահովմանը․ «Կառավարությունն՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հատկապես վերջին տարիներին գենդերային խիստ հիմնավորված և տեսանելի քաղաքականություն է իրականացնում նաև մարզերում։ Այդ ամենն արտացոլվում է տարբեր ոլորտներում․ մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Շիրակի մարզում մեծ առաջընթաց կա, և ես հույս ունեմ, որ ծրագրի մասնակից կանայք կկարողանան մոտիվացվել, առաջ շարժվել և իրենց ուրույն ձեռագրով նորարարություն բերել այս ոլորտում»։

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով ևս՝ Շիրակի մարզում ՏՏ ոլորտով հետաքրքրվող կանանց թվում դրական դինամիկա կա․ «Տարիներ առաջ, երբ նոր էինք  սկսում մեր գործունեությունը, Շիրակի մարզում ոլորտով հետաքրքրվող կանանց թիվը շատ փոքր էր, այսօր այդ կարծրատիպը կոտրվել է ոչ միայն մեր մարզում, այլև ամբողջ Հայաստանում։  Հույս ունեմ, որ ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցած կանանց պատմությունները ևս կմոտիվացնեն մասնակիցներին, և ծրագրի արդյունքում ընտրված կանայք աշխատանքի կանցնեն հենց այդ ոլորտում»,-նշել է ԳՏՏԿ տնօրենը։

Ելույթներին հաջորդել են պանելային քննարկումներ, մասնագիտական զեկույցներ։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ, Շիրակի մարզպետարանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում