«Աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար»․ Հռոմի պապը կոչ է արել մարդկանց աղոթել Լիբանանի համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մարդկանց աղոթել Լիբանանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի և նրանց ընտանիքների համար, հայտնում է CNN հեռուստաալիքի կայքը։
«Երեկ Բեյրութի նավահանգստի մերձակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով եղել են տասնյակ զոհեր, վիրավորվել են հազարավոր մարդիկ, լուրջ ավերածություններ են տեղի ունեցել»,-նշել է Հռոմի պապը։
«Աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար։ Աղոթենք, որ Լիբանանն իր սոցիալական, քաղաքական և կրոնական բոլոր տարրերի միջոցով կարողանա անցնել այս չափազանց ողբերգական և ցավալի իրավիճակի միջով և միջազգային հանրության օգնությամբ հաղթահարի այս խորը ճգնաժամը»,- նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ