Իտալացին 2 տարի թաքցրել է մոր դին՝ հանուն կենսաթոշակի
Միլանի Բուչինասկո արվարձանի բնակիչը երկու տարի թաքցրել է մոր մահը՝ նրա մարմինը թաքցնելով պահարանում, որպեսզի կենսաթոշակ ստանա, հաղորդում է la Repubblica թերթը:
Տեղի կարաբիներները 50-ամյա տղամարդու մոտ խուզարկություն են կատարել իր ծանոթուհու հաղորդումից հետո, որը պատահաբար իմացել է նրա խաբեության մասին. ընդհանուր ընկերոջ հետ զրույցում տղամարդն ասել է, որ իր 80-ամյա մայրը ծերանոցում է ապրում: Ծանոթուհուն, այնուամենայնիվ, հայտնի էր, որ տարեց կինը մահացել է Ալցհեյմերի հիվանդության ագրեսիվ ձևից 2019 թվականի նոյեմբերին: Երբ խաբեբան հայտնվել է ծուղակում, նա պատմել է իր ընկերներին, որ չի թաղել նրան, սակայն խոստացել է դա անել մոտ ժամանակներս։
Մեկ ամիս անց կնոջ համբերությունը սպառվել է, և նա դիմել է իրավապահներին։ Նրանք մահացած կնոջ մարմինը հայտնաբերել են պահարանում՝ կավի մեջ լցված պարկում։ Որդին ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Նրա բանկային հաշիվների վրա կալանք է դրվել։ Մոտ երկու տարի նա մոր անունով ամսական 1700 եվրո էր ստանում։
Կարծիքներ