Սամանթա Փաուերն արցախցի կանանց հետ Երևանում ժենգյալով հաց պատրաստեց

Սամանթա Փաուերն արցախցի կանանց հետ Երևանում ժենգյալով հաց պատրաստեց

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ժենգյալով հաց պատրաստեց արցախցի կանանց հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաուերը Հայաստան այցի շրջանակում այցելեց Արցախից Հայաստան տեղափոխված սննդի օբյեկտ՝ «Թեյսթ օֆ Արցախ», որը աջակցություն է ստացել ԱՄՆ ՄԶԳ-ից: 

Արցախցի կանայք նրան ծանոթացրին ժենգյալով հացի պատրաստմանը, ներկայացրին, որ միջուկը պատրաստում են 13 տեսակի կանաչիներից, ինչը զարմացրեց Փաուերին:  Ապա Փաուերն անձամբ պատրաստեց արցախյան ավանդական ժենգյալով հացը:  

«Թեյսթ օֆ Արցախ»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Շուրջ 3 տարի է, ինչ տեղափոխվել են Երևան: Այս պահին ընկերության ավելի քան 10 աշխատակիցների մեծ մասը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք են: 

 «Մեր արտադրանքն արցախյան ավանդական ժենգյալով հացն է: Ներկա պահին ունենք շուրջ 12 տեսակի ժենգյալով հաց»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թեյսթ օֆ Արցախ»-ի հիմնադիր տնօրեն Միհրան Բաղդասարյանը՝ հավելելով, որ շատ ուրախ են, մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարին: 

Ի դեպ, ԱՄՆ ՄԶԳ-ն ընկերությանը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել: Համագործակցությունը սկսել են նախորդ տարվա հոկտեմբերից:  Բաղդասարյանի խոսքով՝ ցուցաբերած աջակցությունը ընկերության առաջընթացի համար մեծ արդյունք է տվել, թույլ է տվել նաև ավելացնել աշխատատեղերը:  

Սամանթա Փաուերը ժենգյալով հաց պատրաստելուց հետո հանդիպեց ու զրուցեց ԼՂ-ից տեղահանված անձանց հետ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում