Նախիջևանն այլևս գործոն է. Ձոնիկ Մարգարյան
Նախիջևանն այլևս գործոն է
Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ գոտում ընթացող գործողություններից ամենամեծ ցնցակաթված ստացողին պետք չէ փնտրել Ադրբեջանում. նա Թուրքիայի նորօրյա սուլթանն է:
Պատկերացրեք նրա վիճակը՝ երկու օր առաջ Ալիևի ուղերձը Թուրքիայում ռազմական հեղաշրջման կանխման կապակցությամբ ստանալիս.
իր իսկ բեմականացմամբ ռազմական հեղաշրջումը հաջողությամբ հաղթահարած, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարյուրավոր գործիչների կալանավորած, թուրքական բանակից հազարավոր սպաների հեռացրած, Եվրոպային՝ Թուրքիայի տարածքում գտնվող հազարավոր միգրանտների և փախստականների միջոցով շանտաժի ենթարկած, երկրի հարավ-արևմուտքում մի շարք պետությունների հետ բացահայտ ընդհարման մեջ գտնվող Էրդողանը ստիպված է ընդունել, որ իր բոլոր նպատակները ի դերև են լինում հյուսիս-արևելքում՝ ապաշնորհ իր կրտսեր եղբոր պատճառով:
Էրդողանի այս բնույթի ապրումները բարձրակետին կհասնեն այսօրվա ընթացքում՝ թուրքական հետախուզական ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ Ալիևից ցավակցական ուղերձը ստանալու պահին:
Էրդողանը երբևէ՝ նույնիսկ իր հուշագրություններում չի բարձրաձայնելու այն մտատանջանքների վերաբերյալ, որն ունի նույն այդ ռազմական հեղաշրջումից սկսած:
Այդ միայն պատմաբաններն ու ապագայի քաղաքական գործիչներն են, որ հետագայում անդրադառնալով չորս տարի առաջ կատարված և դրան հետևող իրադարձություններին, պետք է ընդունեն, որ այդ ժամանակաշրջանից Թուրքիայում դանդաղորեն սկսվեց մի գործընթաց՝ հետագայում ստանալով «Թուրքիայի մասնատում» անվանումը:
Բազմաթիվ ստույգ տեղեկատվական աղբյուրների տիրապետող Էրդողանը հասկանում է, որ հայ սահմանապահները կապ չունեն երաշտի մատնված և խմելու ջրից զրկված, խորհրդային ժամանակներից մնացած ավտոմեքենաներով իրենց բնակավայրերից ժամ առաջ հեռանալ ցանկացող քաղաքացիական բնակչության հետ:
Էրդողանը, իր կառավարման ընթաքում առավելագույնն իրականացնելով Նախիջևանի տարածքում՝ երբևէ չշեղվելով պատերազմի նախապատրաստվելուց (ենթակառուցվածքների, ռազմական ամրությունների ստեղծում, լոգիստիկա, ռազմական խորհրդատուների և հրահանգիչների առկայություն և այլն), այսօր ստիպված է նախընտրել խայտառակությունը:
Նա հասկանում է, որ Ալիև կրտսերը ավելի մեծ վնասներ հասցրեց Թուրքիային, քան Ֆեթհուլլահ Գյուլենը:
Լինելով, այլևս, համավարակի ճիրաններում հայտնված և գահավիժող տնտեսություն ունեցող պետության ղեկավար, դեռևս լիովին չձերբազատված Սուրբ Սոֆիայի տաճարի կապակցությամբ՝ քաղաքակիրթ աշխարհի հանդիմանության ալիքից, Եվրոմիության կողմից տնտեսական սանկցիաների կիրառման վերաբերյալ հայտարարության ներազդեցությունից, Եգիպտոսի հետ ծավալվող կոնֆլիկտից, ռուսների հետ ունեցած գազային ահագնացող խնդրից, քրդերի և մարշալ Խալիֆա Խաֆտարի տեսքով գիշերային մղձավանջներից, ու պայմանավորված բազմաթիվ այլ հանգամանքներով, Էրդողանն այլևս դատապարտված է ընտրել Նախիջևանից հեռանալու ճանապարհը...
Դե, իսկ ինչ պայմաններում կհայտնվի Նախիջևանում մնացող մի քանի տասնյակ հազարի հասնող քաղաքացիական բնակչությունը՝ դժվար չէ պատկերացնել….
Հ.Գ. Հուլիսի 24-ին Սուրբ Սոֆիայի տաճարում նախատեսված նամազի գոհաբանական բնույթն աղարտվեց....
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ