Էնթոնի Ֆաուչիի կարծիքով՝ ԱՄՆ-ն պատվաստանյութը կարող է ստանալ մինչեւ տարեվերջ

Էնթոնի Ֆաուչիի կարծիքով՝ ԱՄՆ-ն պատվաստանյութը կարող է ստանալ մինչեւ տարեվերջ

Ինֆեկցիոն հիվանդությունների հարցերի ամերիկացի առաջատար փորձագետ, բժիշկ Էնթոնի Ֆաուչին կարծում է, որ երկիրը դրված նպատակին կհասնի եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստանա մինչեւ տարեվերջ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Ընդ որում՝ նրան չի շփոթեցնում այն հեռանկարը, որ Չինաստանը կարող է առաջինը ստանալ պատվաստանյութը:

«Ես ենթադրվող ժամկետների վերաբերյալ լավ սպասումներ ունեմ»,- ասել է Ֆաուչին Reuters-ի հետ հարցազրույցում՝ նշելով, որ դրանք ապահովելու երաշխիքներ չկան:

Նրա մեկնաբանություններին նախորդել են Moderna ընկերության պատվաստանյութի մասին հրապարակած խոստումնալից նախնական տեղեկությունները, որը մշակում են Ֆաուչիի ղեկավարած Ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի  գիտնականները:

Ֆաուչին նշել է, որ Moderna ընկերության պատվաստանյութի հեռանկարայնությունն այն է, որ ապահովում է բնական վարակման ժամանակ դիտվողին նման պաշտպանություն:

«Պատվաստանյութը մշակելիս դուք մասնավորապես հույս ունեք, որ այն բնական ինֆեկցիայի հետ համեմատելի ռեակցիա կառաջացնի, որովհետեւ տեսականորեն լավագույն պատվաստանյութը, որը կարող եք ստանալ, բնական ինֆեկցիան է»,- նշել է նա:

Moderna ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների եզրափակիչ փուլը կսկսվի հուլիսի 27-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա  հանրապետական մի քանի դաշնակիցներ Ֆաուչիին քննադատել են այն պատճառով, որ նա նախազգուշացրել էր ամերիկյան տնտեսությունը չափից ավելի հապշտապ չբացել:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է հաղթահարում այդ հարձակումները, Ֆաուչին Reuters-ին ասել է. «Ես աշխատում եմ թույլ չտալ, որ դա ինձ անհանգստացնի»: «Մեր աշխատանքը պատվաստանյութերի, թերապեւտիկ մեթոդների մշակման, կլինիկական փորձարկումների հետ է՝ ահա թե ինչն է գլխավորը»,- հավելել է նա:

Ֆաուչիին չի շփոթեցնում այն հեռանկարը, որ Չինաստանը, որը նույնպես աշխատում է պատվաստանյութի ստացման ուղղությամբ, առաջինը կհատի եզրագիծը: Նա ասել է, թե Չինաստանի հաջողության հույս ունի, բայց ենթադրել է, որ նրանք հաղթող չեն լինի պատվաստանյութի մրցավազքում կամ, համենայնդեպս, չեն հաղթի մեծ տարբերությամբ: «Կարծում եմ, որ բոլորը ընթանում են գրեթե նույն ճանապարհով,- ասել է նա: - Եթե նրանք հասնեն վերջին, ապա արդեն ոչ այնքան ավելի արագ, քան մենք: Դա հաստատապես»:

Նա հույս է հայտնել, որ մի քանի թեկնածու պատվաստանյութեր, վերջիվերջո, հաջողակ կլինեն:

«Ես չեմ մտահոգվում այն մասին, որ ինչ-որ մեկն այդտեղ առաջինը կհասնի»,- շեշտել է Ֆաուչին: Նա նշել է, որ եթե նույնիսկ պատվաստանյութն իսկապես իմունային պատասխան առաջացնի, պարզ չէ, թե այդ պաշտպանությունը որքան երկար կգործի: «Հարցեր կան, որոնք դեռեւս պատասխաններ չունեն, որովհետեւ համաճարակի սկսվելուց անցել է ընդամենը 6 ամիս»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ կարող է մեկ տարի պահանջվել՝ պարզելու համար իմունային պատասխանի հարցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում