ՀՀ ԿԳՄՍ նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարությունից, ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պաշտոնավարման ընթացքում։ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար:
«Ցավում եմ, որ մեր առաջին հանդիպումը տեղի է ունենում մեր երկրի համար այսքան բարդ և ողբերգական փուլում` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված: Այս դժվարին օրերին ԵՄ-ն եղել է մեր կողքին, աջակցել ամենատարբեր եղանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով շարունակական և արդյունավետ աշխատանքը:
«Այս պահին մենք աշխատում ենք կարճաժամկետ աջակցության ուղղությամբ՝ լուծելով մարդկանց տեղափոխման, առաջնային բուժօգնության, կացարանների տրամադրման, սննդի հետ կապված հարցերը: Զուգահեռաբար, աշխատում ենք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ, որոնց իրականացման գործում ունենալու ենք նաև մեր գործընկերների աջակցության կարիքը: Ինչ վերաբերում է բուն կրթական գործընթացներին, ապա, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղում շուրջ 30 հազար երեխաներ էին բնակվում: Բռնի տեղահանված երեխաների համար, կեցության հարցերի լուծմանը զուգահեռ, կարևոր խնդիր է կրթության շարունակականության ապահովումը: Երեխաները նաև որոշակի սոցիալ-հոգեբանական աջակցության և նմանօրինակ ծառայությունների կարիք են ունենալու: Մենք նրանց նաև պետք է հոգեբանորեն պատրաստենք դպրոց գնալուն, և այդ աջակցությունը շարունակենք կրթության ընթացքում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ աստիճանաբար պետք է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում պարտադիր կրթությունից դուրս մնացողներ չլինեն:
Նշվում է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ համագործակցությունը: Դեսպանն իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա անելիքների վերաբերյալ՝ կարևորելով խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների ապահովմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք նաև համամարդկային արժեք են ներկայացնում և դրանց պահպանությունը հնարավոր է միայն միջազգային գործընկերների ջանքերի գործադրմամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը, Եվրամիության կողմից տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր՝ ծրագրային նախաձեռնություններն արդյունավետ իրականացնելու նպատակով»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են հատկապես երիտասարդության ոլորտում համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ թվով հայ երիտասարդներ կներգրավվեն ԵՄ ծրագրերում, որոնք ուղղված են նաև Հայաստանի հեռավոր մարզերում երիտասարդների ակտիվության խթանմանը:
Կարծիքներ