ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ամբողջական բուժօգնությունը կիրականացվի պետական պատվերի շրջանակներում
ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 1000 անձի տրամադրվել է առաջին անհրաժեշտության դեղորայքային փաթեթներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Նրանք կշարունակեն իրենց բուժօգնությունը ստանալ ամբուլատոր պայմաններում: Անհրաժեշտության դեպքում նրանք կտեղափոխվեն համապատասխան բուժհիմնարկներ»,- նշեց նա:
Նա նշեց, որ սեպտեմբերի 26-ի առավոտյան Երևան են բերվել նորածիններ և մեկ երեխա բավական ծանր վիճակում, նրանք գտնվում են մասնագիտական հսկողության տակ, վիճակը կայուն է: Ուշադրության տակ են քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, հղի կանայք և ծերերը: Առաջարկվում է նաև հոգեբանական օգնություն:
«Այս պահին բոլորը գտնվում են էմոցիոնալ և սթրեսային վիճակում: Հոգեբանական առողջությունը շատ կարևոր է: Թիմում ընդգրկված են նաև հոգեբաններ: Կառավարությունն առաջիկայում կառաջարկի նաև հոգեբանական աջակցություն»,- նշեց նախարարը:
Նա շեշտեց՝ ամբողջական, հիվանդանոցային, ամբուլատոր բուժօգնությունը, դեղերի տրամադրումը իրականացվելու է պետական պատվերի շրջանակում:
«Մեր հայրենակիցները պետք է կցագրվեն իրենց տեղակայման ամենամոտ բուժհաստատությունում, որտեղից կսկսվի նրանց բուժօգնության կազմակերպումը», - նշեց Ավանեսյանը:
Կարծիքներ