Պետությանն են հանձնվել էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգի բացառիկ գույքային իրավունքները

Պետությանն են հանձնվել էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգի բացառիկ գույքային իրավունքները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին  «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը հանձնել է պետական կարիքների համար համակարգչային ծրագրի բանալի կոդերը (source codes), ինչպես նաև գրաֆիկական, ձայնային տարրերի, տվյալների բազաների, համակարգչային ծրագրերի ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։ Այսպիսով, արդարադատության նախարարությունը ձեռք է բերում բացառիկ գույքային իրավունքներ՝ Էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգը արդյունավետ կառուցելու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Դեռևս 2018թ․-ին կնքվել էր պայմանագիր, սակայն պետությանը սեփականության իրավունքով չէին տրամադրվել ծրագրային կոդերը, ինչի պատճառով հնարավոր չէր ինքնուրույն զարգացնել E-Justice ծրագիրը։ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Անի Մխիթարյանի ջանքերի շնորհիվ ամիսներ շարունակ տևած բանակցություններն արդյունք տվեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության կողմից ծրագրային ապահովման ամբողջական գործիքակազմի փոխանցումը պետությանը, որի հիման վրա արդեն իսկ կազմակերպվում են քաղաքացիական և վարչական գործերով էլեկտրոնային համակարգերի մշակման և ներդրման աշխատանքները։ «Սա պետություն-մասնավոր բիզնես կայուն և փոխվստահելի համագործակցության լավագույն օրինակն է»,- հայտնում են նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում