Ծովագյուղի խմելու ջրի հարցը կլուծվի
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատաքներ: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը.
«Ծրագրի նախնական արժեքը կազմում է 132 միլիոն 429 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 92 միլիոն 697 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 39 միլիոն 724 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը:
Ջրամատակարարաման հիմնախնդիրը համայնքում առկա է վաղուց, որը խոչընդոտում է բնակիչների կենսական խնդիրների լուծմանը: Խմելու ջրի ջրավազանները սնուցվում են Այծեմնասար եւ Բեթխեհեմ սարերից, սակայն չեն բավարարում բնակչությանը: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող արտաքին վնասված եւ հին մետաղական 6կմ երկարության խողովակաշարը փոխարինել նոր մետաղապլաստե խողովակաշարով, ինչը հնարավորություն կընձեռի՝ կարգավորիչ ջրավազան ջրամատակարարումը ավելացնել եւս 3-4 ժամ տևողությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի Բեթխեհեմ սարից սնուցվող ջրագծից նոր կառուցվող ջրագծով միացում կատարել Այծեմնասարից օգտվող ջրավազանին, որի արդյունքում էլ Այծեմնասարից օգտվող բնակիչների համար կապահովի 5-6 ժամ տեւողությամբ ջրամատակարարում: Բացի այդ, անհրաժեշտ է վերանորոգել Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող 350 տոննա տարողությամբ անսարք ջրավազանը: Միաժամանակ անհրաժեշտ է կատարել Բեթխեհեմից սնուցվող ջրավազանից օգտվող բնակիչներին մատակարարվող ջրագծի ներքին ցանցի մետաղական խողովակների փոխարինում մետաղապլաստե խողովակներով` 4 կմ երկարությամբ: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կկառուցվի 10 կմ երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց: Ջրավազանների հարակից տարածքը կցանկապատվի։ Ծրագրի շրջանակներում կկատարվի նաեւ ջրաչափիչ սարքերի տեղադրում: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կբարելավվի համայնքի ջրամատակարարումը»,- մանրամասնել է նա:
Կարծիքներ