ՀՀ 7 բռնցքամարտիկները Բուլղարիայում հաղթահարել են նախնական փուլերի արգելքները և հասել քառորդ եզրափակիչ
Վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը փոքր կորուստներով շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:
ՀԱՕԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մրցաշարն այսօր հատում է հասարակածը: Մեր յոթ պատվիրակներ հաղթահարել են նախնական փուլերի արգելքները և հասել են քառորդ եզրափակիչ: Ընդամենը մեկ հաջող քայլ, և նրանք կդառնան մեդալակիր:
Հեռակապով զրուցեցինք ավագ մարզչի հետ: Ասաց, որ այսօր, երեկոյան մրցահերթում, մեր տղաներից կմենամարտեն Աղվան Ալեքսանյանը / 86 կգ / և Ավետիք Հովակիմյանը / 92 կգ /:
Վաղը կիսաեզրափակիչ մտնելու համար պայքարի կբռնվի մեր հնգյակը՝ Արեն Ասլամազյանը / 51 կգ / , Էրիկ Իսրայելյանը / 60 կգ / ,Արթուր Մկրտչյանը / 63,5 կգ / , Արես Հակոբյանը / 67 կգ / և Համլետ Ադամյանը / 80 կգ /:
Ընդհանրապես ուժեղ կազմ է հավաքել առաջնությունը: 41 երկրի 385 պատվիրակների թվում զգալի տոկոս են կազմում հատկապես 57 կգ, 60կգ , 63,5 կգ, 67 կգ քաշային կարգերում հայտավորվածների թվաքանակը և մարզաձևի ավանդույթներով հարուստ երկրների ներկայացուցիչները:
Կարծիքներ