Կրթական տարին՝ նոր փոփոխություններով. ԿԳՄՍ նախարար

Կրթական տարին՝ նոր փոփոխություններով. ԿԳՄՍ նախարար

Հայաստանում կրթական նոր տարին կմեկնարկի նոր փոփոխություններով․ փոփոխություններ կլինեն ոչ միայն ուսուցիչների դրույքաչափում, այլև աշակերտների գնահատման սանդղակում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրթական ոլորտի զարգացմանը միտված նոր չափորոշիչներ է սահմանել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկին նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տարին կրթական փոփոխությունների տարի է։ 

«Խոսքը վերաբերում է հանրակրթության նոր պետական չափորոշչին և առարկայական չափորոշիչներին, որոնք կսկսեն ներդրվել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Դպրոցները կսկսեն ֆինանսավորվել դասարանների, այլ ոչ թե երեխաների թվով, ինչպես նախկինում էր։ Իհարկե, սրանից բխող շատ փոփոխություններ ևս կան:  Նոր չափորոշիչները իրենցից ենթադրում են նոր դասագրքեր, որոնց մրցույթներն արվել են, և արդեն իսկ դասագրքերը տեղադրված են էլեկտրոնային հարթակներում, որպեսզի ուսուցիչները ծանոթանան դրանց: Տպագրության գործընթացն ընթացքի մեջ է»,- ասաց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ կրթության ոլորտում փոփոխությունները շատ են, դրանց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև ուսուցիչների կամավոր ատեստավորումը։ Այս պահին 700 ուսուցիչներ դիմել են կամավոր ատեստավորման համար։ Բացի այդ, Տավուշի մարզում 2 տարի փորձարկվում են նոր չափորոշիչները, նախնական արդյունքները նախարարը դրական է գնահատում։ Նոր չափորոշիչների համաձայն՝ փոխվում է ոչ միայն ուսուցիչների դրույքաչափը, այլև աշակերտների գնահատման ամբողջ սանդղակը, դասերն էլ կլինեն երկարօրյա։ 

«Ներդրվում է պարտադիր երկարօրյա ծառայություն այն երեխաների համար, որոնք բավարար առաջադիմություն չեն ունենա: Պետք է հիշեցնեմ, որ մենք միավորային գնահատում չենք իրականացնելու մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ, չորրորդ դասարանում դուրս են գալու գիտելիքի ստուգման ամփոփիչ քննությունները: Եվ, որպեսզի մենք հետևենք երեխաների գիտելիքների յուրացման գործընթացին, երկարօրյա ծառայությունը գալու է մեզ օգնելու»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Նախարարը նշեց՝ շարունակում են մտահոգիչ մնալ միասնական քննությունների արդյունքները․ բավականին ցածր արդյունքներ են գրանցվել Հայոց լեզու և Մաթեմատիա առարկաներից։ Լուրջ խնդիրներ կան նաև բնագիտական բլոկում։ Այս խնդիրների լուծման ուղղությամբ ևս ԿԳՄՍՆ-ն աշխատանքներ է տանում։

«Մենք սկսում ենք ուսուցիչ պատրաստելու գործընթացից. 70-77 հազար դրամ կենսաթոշակ ենք սահմանում բոլոր այն ուսանողների համար, որոնք բնագիտական առարկաների ուսուցիչ լինելու մասնագիտություն կստանան ու կունենան գերազանց առաջադիմություն։ Այս պրոցեսը շարունակական բնույթ է կրելու»,- ասաց նախարարը:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն էլ անդրադարձավ դպրոցներում հոգեբանների հաստիքների ներդրման անհրաժեշտությանը։ Նա նշեց օրերս անչափահաս աղջկա  նկատմամբ տեղի ունեցած բռնությունը և հորդորեց ուշադիր լինել նման երևույթների նկատմամբ։ 

«Նմանատիպ դեպքերը մատնացույց են անում այն բոլոր խնդիրները, որոնք առկա են համակարգում։ Խոսքը երեխաների անձնական տվյալների պահպանման մասին է։ Ցավոք, փաստը ցույց է տալիս, որ դպրոցներում ուսուցիչները հաճախ խնդրի լրջությունը չեն գիտակցում։ Դա երևում է դեպքի վերաբերյալ նրանց տված հարցազրույցներից»,- նշեց փոխնախարարը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում